Համակարգչային տեսողական համախտանիշ
28 Ապրիլ 2025
Համակարգչային տեսողական համախտանիշը ախտանիշների խումբ է, որն առաջանում է համակարգչի առաջ երկար աշխատանքի արդյունքում։ Սկզբնական շրջանում այն դրսևորվում է աչքերի դյուրհոգնելիությամբ, կոպերի ծանրությամբ, հաճախ թարթելով։ Երբեմն կարող է առաջանալ ավազի հատիկի զգացողություն կամ տեսողության մշուշոտում։ Ժամանակին որևէ միջոցառում չձեռնարկելուց, վիճակը կարող է վատթարանալ։ Կարող է զարգանալ գերլուսազգայունություն, արցունքահոսություն և այլ երևույթներ, որոնք խաթարում են տեսողական օրգանի բնականոն աշխատանքը։ Որոշ դեպքերում համակարգչային տեսողական սինդրոմը դրսևորվում է գլխի շրջանում ցավերով, վզի, ուսերի, մեջքի դիսկոմֆորտով, աչքերի շարժման ժամանակ տհաճ զգացողություններով։
Տեսողության խանգարումները, որոնք կարող են առաջանալ համակարգչային տեսողական համախտանիշի ժամանակ, որպես կանոն չեն հանգեցնում աչքերի լուրջ հիվանդությունների, բայց զգալիորեն վատացնում են կյանքի որակը։ Դրանից խուսափելու նպատակով, պետք է կարգավորել աչքերի ծանրաբեռնվածությունը համակարգչի առաջ, ինչպես նաև ընտրել համապատասխան ակնոց ու կոնտակտային ոսպնյակներ։
Համակարգչային տեսողական համախտանիշի զարգացման պատճառները
Համախտանիշի զարգացումը կապված չէ մոնիտորի ճառագայթման հետ։ Խնդրի էությունը թաքնված է աչքի պատկերի էկրանից ընկալման մեջ։ Օրինակ գրքի մեջ պատկերը չի լուսարձակում ինքնուրույն, չի թրթռում, ուստի աչքերին կարդալուց առանձնապես ավելորդ ջանքեր պետք չեն։ Իսկ ահա համակարգչով աշխատելուց, պատկերը լուսավորված է և կազմվում է բազում մանր կետիկների՝ պիքսելների ամբողջությունից, որոնք անընդհատ թրթռում են։ Անգամ եթե այդ թրթռոցը վիզուալ նկատելի չէ, այնուամենայնիվ աչքերը էկրանին նայելուց ավելի շատ են լարվում, քան գրքին կամ ամսագրին կարդալուց։
Համակարգչային տեսողական համախտանիշը հաճախ կարող է զարգանալ հետևյալ դեպքերում՝•Աշխատասենյակի սխալ կազմակերպում՝ մոնիտորի նորմայից մեծ կամ փոքր հեռավորություն, էկրանի բարձր պայծառությունը, հայացքը անընդհատ մոնիտորից դեպի թղթեր ու հակառակը փոխելու անհրաժեշտությունը և այլն։
•Երկար ու անդադար աշխատանքը համակարգչի դիմաց՝ երբ մենք նայում ենք մոնիտորին, անգիտակցաբար ավելի քիչ ենք թարթում և հետևաբար աչքերն ավելի քիչ են խոնավանում, ինչն իր հերթին հանգեցնում է արցունքային շերտի որակի խախտմանը։ Այդպիսով տուժում են արցունքի պաշտպանիչ ու օծող գործառույթները, ինչը նպաստում է չոր աչքի համախտանիշի զարգացմանը, որն ուղեկցվում է ծակոցի, մրմռոցի, դիսկոմֆորտի առաջացման գրասենյակային աշխատողների գրեթե 50%-ի մոտ։
•Մոնիտորի բլիկերի առկայությունը՝ լույսի ցանկացած աղբյուր, ընկնելով էկրանի վրա, շատացնում է աչքերի լարվածությունը։