Ի՞նչ անել, երբ ցավում է բալիկի ականջը
24 Ապրիլ 2025
Ականջացավը հաճախ է հանդիպում երեխաների շրջանում, հատկապես վաղ մանկական շրջանում: Ականջացավի առկայությունը հիմնականում նշանակում է, որ երեխայի մոտ առաջացել է ականջի բորբոքում՝ օտիտ։ Երեխաների՝ ականջի բորբոքման հետ առնչվում են գրեթե բոլոր ծնողները։ Այդ հիվանդությունը հատկապես բնորոշ է 1-3 տարեկան երեխաներին, սակայն կարող է հանդիպել նաև ավելի փոքր տարիքում։ Ըստ համաճարակաբանական հետազոտությունների տվյալների՝ մինչև 5-7 տարեկան բոլոր երեխաները գոնե 1 անգամ հիվանդանում են այս հիվանդությամբ, հատկապես հաճախ՝ 6-12 ամսականում։ Իսկ այդ տարիքից՝ 5-7 տարեկանից, հետո ականջի բորբոքումը հանդիպում է հազվադեպ։ Դա պայմանավորված է երեխաների լսողական խողովակի կառուցվածքային արանձնահատկությունով։
Տարբերակում են արտաքին, միջին և ներքին ականջի բորբոքումներ։ Արտաքին ականջի բորբոքումն առաջանում է, երբ վարակը կուտակվում է լսողական խողովակի մազերի շուրջ, ինչը կարող է նաև առաջացնել թարախակույտ։
Միջին ականջի բորբոքումը համարվում է վիրուսային կամ բակտերիալ ծագման ինֆեկցիայի բարդություն, կամ կարող է առաջանալ թմբկաթաղանթի վնասվածքի հետևանքով։ Ներքին ականջի բորբոքումն առաջանում է քթի հավելյալ ծոցերի ախտահարման, ուղեղի թաղանթների բորբոքման, կամ միջին թարախային ականջի բորբոքման հետևանքով։ Երեխաների մոտ ավելի հաճախ հանդիպում է միջին ականջի բորբոքումը։Որո՞նք են երեխայի ականջացավի պատճառները։
•Վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաները, որոնց ժամանակ բորբոքվում է թմբկաթաղանթի հետևում գտնվող տարածությունը և առաջանում է միջին ականջի բորբոքում։
•Լողորդի ականջը, որն առաջանում է արտաքին լսողական խողովակի ջրից գրգռվածության հետևանքով։ Հիմնական նշանն է լսողական խողովակում առկա քորը։ Եթե առկա է վարակը, ապա առաջանում է նաև առաջանում է ականջի ցավ։
•Լսողական խողովակի վնասվածքը, որն առաջանում է ականջի մաքրման ժամանաակ կոշտ առարկայի օգտագործումից։ Քերծվածքները կարող են բորբոքվել, որը նպաստում է ցավի առաջացմանը։
•Լսողական խողովակի թարախակույտը, որը կարող է լինել շատ ցավոտ։
•Ծծմբախցանը, որն ականջի ծծմբի պինդ գունդ է։ Այն առաջացնում է թեթև ցավ, սակայն ականջը փայտիկով մաքրելու ժամանակ այդ գնդի ավելի խորն անցնելու դեպքում ականջի լսողական խողովակը խցանվում է, զարգանում է բորբոքում, ի հայտ են գալիս ցավը և այդ ականջում լսողության իջեցում։
•Օտար մարմինները․ Երեխաները կարող են ականջ մտցնել տարբեր առարկաներ, որոնք կարող են դառնալ ցավի պատճառ։ Հիմնականում դրանք մանր առարկաներ են, որոնք լինում են խաղալիքներում։ Թույլ մի՛ տվեք, որ երեխան խաղա մանր խաղալիքներով, հակացուցված իր տարիքի երեխաների համար, հատկապես՝ առանց ծնողների հսկողության։
•Բարոտրավման: Ճնշման տատանումների ժամանակ, օրինակ՝ ինքնաթիռում, կամ բարձրահարկ շենքերի վերելակներում, կարող է առաջանալ թմբկաթաղանթի ձգվածություն, որի հետևանքով կարող է առաջանալ ցավ, հատկապես՝ երբ ականջում առկա է ծծմբախցան։
•Ճառագայթող (արտացոլվող) ցավը. Ցավն ականջում կարող է առաջանալ այլ խնդիրների պատճառով, օրինակ՝ նշիկների, ծնոթի, հարականջային գեղձի, ստորին ծնոթային գեղձերի բորբոքման, կամ ատամների ծկլտման ժամանակ։