Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները

Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները

Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները
Հաճախ ծնողները, լսելով երեխայի` շաբաթներով չանհետացող հազը, դառնում են խիստ անհանգիստ և մոռանում մի շատ կարևոր փաստի մասին, այն է թե՝ հազն իրականում մեր թշնամին չէ, այլ մեր ընկերը՝ օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքսներից մեկը։
Հազն օգնում է մաքրել շնչուղիները այնտեղ հայտնված օտար մասնիկներից, օրինակ` մանրէներից կամ կուտակված լորձից։ Սակայն, որքան էլ «բարի» լինի նույն այդ հազը, 2-3 շաբաթ պահպանվելու պարագայում պարտադիր է հետազոտվել մանկաբույժի կողմից և վերագնահատել երեխայի վիճակը։
Ինչպես հայտնի է` հազի հիմնական պատճառը շնչառական վիրուսային վարակներն են, որոնք օդակաթիլային ճանապարհով (հազից կամ փռշտոցից, վարակված երեխայի կենցաղային իրերին կամ խաղալիքներին ձեռք տալուց) փոխանցվող, ինքնասահմանափակվող սեզոնային վիրուսային հիվանդություններ են։ Սովորաբար սկսվում են աշնանը` ձգվելով մինչև գարնան վերջ (կամ, ինչպես ասում են, ուսումնական տարվան զուգընթաց):
Շնչառական վիրուսային վարակներին հազից բացի հաճախ ուղեկցում են հետևյալ ախտանշանները՝ քթահոսություն, ջերմության բարձրացում (38° և ավել), դող և սարսուռ, գլխացավ, մկանացավ, կոկորդում քերոցի զգացում, երբեմն՝ փսխումներ կամ փորլուծություն։
Վարակից հետո մնացած հազը կարող է պահպանվել անգամ հիմնական ախտանշանների վերացումից հետո, ընդհուպ` մի քանի շաբաթ։
Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները

Ահազանգել է պետք, երբ հազի հետ միասին առկա է՝

• հաճախացած կամ դժվարացած շնչառություն,

• ցիանոտիկ (կապտավուն) շուրթեր,

• միջկողային տարածությունների ներքաշումներ,

• ցավ կրծքավանդակում,

• թուլություն,

• ջերմության կայուն պահպանում

• ախտանշանների վատթարացում/ետ վերադարձ օրեր անց։

Ռիսկի գործոնների շարքին է դասվում նաև երեխայի տարիքը (մինչև 3 ամսական հասակ):
Հազի դեմ կիրառվող միջոցները պիտի նշանակվեն տարիքին համապատասխան, լինեն ապացուցահեն և մանկաբույժի ցուցմամբ։
Ժամանակակից հետազոտությունները փաստում են մեղրի կարևորագույն օգտակարության մասին, ընդհուպ` որպես հազի բուժման միջոց։ Սակայն կարևոր է հիշել՝ մեղրը թույլատրելի է սկսած 1 տարեկան հասակից, այլապես բարձր է բոտուլիզմով վարակման ռիսկը։

Կարևոր է ծնողներին հորդորել պահպանել զգոնություն՝ հետևելով մի շարք պարզ խորհուրդների.

1. Մի՛ փորձեք ինքնուրույն բուժել երեխայի հազը։ Հակահազային դեղամիջոցներ տալուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ՝ քննարկելով դեղամիջոցի տարիքային սահմանափակումներն ու կողմնակի ազդեցությունները։
2. Ստեղծե՛ք մաքուր և խոնավ միջավայր։ Օգտագործեք օդը խոնավեցնող սարքեր և մի' մոռացեք տան մշտական օդափոխման մասին։
4. Հոգացե՛ք հեղուկների բավարար ընդունումը։ Ջուրն օգնում է մաքրել օրգանիզմը և մեղմել հազը։ Հեղուկների բավարար օգտագործումը կարևոր է բոլոր տեսակի շնչառական վարակների դեպքում։
5. Սննդարար և դյուրամարս սնուցումը կարևոր է։ Չի կարելի ստիպել երեխային ուտել։ Շարունակեք առաջարկել թեթև, վիտամիններով հարուստ սնունդ՝ մրգեր, բանջարեղեն, ապուրներ։
6. Հետևե՛ք քնի ռեժիմին։ Կարևոր է ապահովել երեխայի լիարժեք հանգիստը։
8. Մի՛ մոռացեք հիգիենայի կանոնների պահպանման մասին։ Խրախուսեք հաճախակի ձեռքերի լվացումը, սովորեցրեք փռշտալ ու հազալ արմունկը ծածկելու եղանակով։
9. Մի՛ խուսափեք հարցեր տալ ձեր մանկաբույժին։ Վստահությունը բժշկի նկատմամբ ավելին քան կարևոր է։
Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները


Ամփոփելով՝ փորձեք մտապահել մի քանի կարևոր կետ հազի մասին.

❌Առաջին իսկ հազային դրվագի դեպքում պետք չէ շտապել կատարելու կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն. դեպքերի մեծամասնությունում պատճառը՝ վերին շնչուղիների վիրուսային վարակներն են։
❌Ծխախոտի ծուխն ավելի է դրդում և սրացնում հազի վիճակը. արգելել ծխախոտի օգտագործումը տանը։
❌Վիրուսային վարակի արդյունքում զարգացած հազը անիմաստ է բուժել հակաբիոտիկներով։ Նմանատիպ հազն անցնում է ինքնուրույն՝ պահանջելով միայն առատ հեղուկների կիրառում։
❌Հակահազային դեղամիջոցներն արգելվում է կիրառել մինչև 6 տարեկան հասակը։ Ի դեպ՝ վերջին հետազոտությունների համաձայն, դրանք կարող են բավականին լուրջ վնաս հասցնել փոքրիկներին։
❌6 տարեկանից բարձր երեխաների պարագայում հազի դեմ կիրառվող դեղամիջոցները պետք է նշանակել զգուշությամբ և միայն մանկաբույժի ցուցումով։

Եզրակացություն.

հազը կարևորագույն պաշտպանական ռեֆլեքս է և կարող է երկար պահպանվել, օրինակ՝ ուղեկցող ախտանշանների անհետացումից հետո 1-3 շաբաթ, կարևոր է մշտապես զննվել և մնալ մանկաբույժի դինամիկ հսկողության ներքո։



Ողնաշարի ռենտգեն հետազոտություն
27 Մարտ 2026
Ողնաշարի ռենտգենը ախտորոշիչ պատկերավորման հետազոտություն է, որն օգտագործում է ճառագայթման վերահսկվող չափաբաժին՝ ողերի պատկերներ ստանալու և ողնաշարի կառուցվածքը գնահատելու համար: Այն օգնում է բժիշկներին հայտնաբերել ոսկրային փոփոխությունները, ողնաշարի դասավորվածության խնդիրները և վնասվածքները, որոնք կարող են բացատրել պարանոցի ցավը, մեջքի ցավը, կարծրությունը կամ սահմանափակ շարժումները: Ոսկորները հստակ երևում են պատկերի վրա, մինչդեռ փափուկ հյուսվածքները տեսանելի են միայն բաց մոխրագույն երանգներով: Հետազոտությունը կարող է իրականացվել ողնաշարի տարբեր հատվածներում՝ պարանոցային հատված՝ պարանոցի համար, կրծքային հատված՝ մեջքի վերին և միջին հատվածների համար, գոտկային կամ գոտկասրբանային հատված՝ մեջքի ստորին հատվածի համար, և սրբան կամ պոչուկ՝ ողնաշարի ամենաստորին հատվածի համար: Ե՞րբ է ցուցված ողնաշարի ռենտգենը: Բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս այս հետազոտությունը, երբ պացիենտն ունի՝ • մշտական պարանոցի կամ մեջքի ցավ • թմրածություն, թուլություն կամ շարժումների սահմանափակում • վնասվածք՝ ընկնելուց, հարվածից կամ պատահարից հետո Այն օգտագործվում է նաև կեցվածքի շեղումները, ողնաշարի բնածին հիվանդությունները և հետվիրահատական փոփոխությունները գնահատելու համար: Ի՞նչ կարող է այն ցույց տալ: Ողնաշարի ռենտգենը կարող է օգնել հայտնաբերել՝ • կոտրվածքներ, հոդախախտումներ կամ ողերի տեղաշարժ • արթրիտ, օստեոպորոզ և ոսկրային ելուստներ (սպուրներ) • սկոլիոզ, կիֆոզ և կորության այլ խանգարումներ Որոշ դեպքերում այն կարող է բացահայտել նաև վարակներ, բնածին արատներ կամ կասկածելի ոսկրային վնասվածքներ: Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը: Մինչ պրոցեդուրան, պացիենտը հանում է մետաղական իրերը և կարող է հագնել բժշկական խալաթ: Ռենտգենոլոգ-տեխնիկը տեղավորում է պացիենտին պառկած, նստած կամ կանգնած վիճակում՝ կախված հետազոտվող ողնաշարի հատվածից: Սովորաբար արվում են մի քանի պատկերներ տարբեր անկյուններից, առավել հաճախ՝ դիմային և կողմնային դիրքերից: Պատկերման ընթացքում պացիենտը պետք է անշարժ մնա և կարող է կարճ ժամանակով շունչը պահել՝ պատկերի որակը բարելավելու համար: Պրոցեդուրան սովորաբար տևում է մոտ 15 րոպե և ցավ չի պատճառում, թեև որոշակի դիրքեր կարող են անհարմար լինել, եթե արդեն առկա է ցավ: Անվտանգություն և հասանելիություն Ողնաշարի ռենտգենի ժամանակ օգտագործվող ճառագայթման չափաբաժինը ցածր է, և կիրառվում է կապարե պաշտպանիչ էկրանավորում՝ անհարկի ազդեցությունը նվազեցնելու համար: Հղիության դեպքում հետազոտությունը կատարվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում և լրացուցիչ նախազգուշական միջոցների կիրառմամբ: Դուք կարող եք անցնել ողնաշարի ռենտգեն հետազոտություն Դալիմեդ բժշկական կենտրոնում, որտեղ պատկերավորումն իրականացվում է ժամանակակից ռենտգենոլոգիական սարքավորումների միջոցով՝ ճշգրիտ գնահատման և ախտորոշման համար:
Ի՞նչ է իմպետիգոն
23 Մարտ 2026
Իմպետիգոն մաշկի տարածված բակտերիալ վարակ է, որն ախտահարում է մաշկի մակերեսային շերտերը և հատկապես հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Քանի որ այն հեշտությամբ տարածվում է սերտ շփման միջոցով, այն հաճախ հանդիպում է ընտանիքներում, դպրոցներում և մանկապարտեզներում: Վարակը զարգանում է, երբ բակտերիաները թափանցում են մաշկի մեջ չնչին վնասվածքների միջոցով, ինչպիսիք են քերծվածքները, միջատների խայթոցները, էկզեման կամ փոքր կտրվածքները: Հիմնական պատասխանատու բակտերիաներն են Staphylococcus aureus-ը և Streptococcus pyogenes-ը: Մաշկի մեջ թափանցելուց հետո դրանք արագ բազմանում են և առաջացնում տեսանելի վերքեր: Չնայած իմպետիգոն սովորաբար թեթև է ընթանում և լավ արձագանքում է բուժմանը, այն խիստ վարակիչ է և պետք է վաղ փուլում կառավարվի՝ տարածումը կանխելու համար: Ախտանշաններ Իմպետիգոն սովորաբար սկսվում է փոքր կարմիր բծերով կամ դյուրաբեկ բշտիկներով, որոնք արագ պայթում են: Պայթելուց հետո դրանք թողնում են խոնավ հատվածներ՝ ծածկված դեղին, ոսկեգույն կամ շագանակագույն կեղևով: Այս կեղևները վարակի ամենաբնորոշ նշաններից են: Ախտահարումները կարող են մնալ փոքր կամ մեծանալ և տարածվել մաշկի հարակից հատվածների վրա: Որոշ երեխաների մոտ մի քանի բշտիկներ միաձուլվում են և ձևավորում ավելի մեծ, հեղուկով լցված օջախներ, որոնք հայտնի են որպես բուլյոզ իմպետիգո: Ընդհանուր ախտանշանները ներառում են՝ • կարմիր վերքեր կամ բշտիկներ • մեղրագույն կեղևներ • քոր • թեթև ցավ կամ գրգռվածություն • մաշկի տարածվող ախտահարումներ Դեմքը, հատկապես քթի և բերանի շուրջը, սովորաբար ախտահարվում է ամենից հաճախ, սակայն վերքերը կարող են հայտնվել նաև ձեռքերի, ոտքերի կամ մարմնի այլ բաց հատվածների վրա: Ավելի լայնածավալ վարակների դեպքում կարող է նկատվել թեթև ջերմություն կամ ավշային հանգույցների մեծացում: Պատճառներ Իմպետիգոն առաջանում է, երբ բակտերիաները թափանցում են վնասված մաշկի մեջ: Նույնիսկ մաշկի չնչին գրգռվածությունը կարող է բավարար լինել վարակի զարգացման համար: Ռիսկի ընդհանուր գործոնները ներառում են՝ • էկզեմա • միջատների խայթոցներ • քերծվածքներ • փոքր կտրվածքներ • քոս • ոջլոտություն Վարակը հեշտությամբ տարածվում է վերքերի հետ անմիջական շփման կամ աղտոտված իրերի միջոցով, ինչպիսիք են սրբիչները, հագուստը, անկողնային պարագաները կամ խաղալիքները: Տաք եղանակը և մարդաշատ միջավայրը մեծացնում են փոխանցման հավանականությունը: Բուժում Բուժումը կախված է այն բանից, թե որքան տարածված է վարակը: Թեթև դեպքերը սովորաբար բուժվում են հակաբիոտիկ քսուքներով, մինչդեռ ավելի լայնածավալ դեպքերը կարող են պահանջել հակաբիոտիկների ընդունում: Մինչ դեղամիջոցը քսելը, ախտահարված մաշկը պետք է զգուշորեն մաքրել: Կեղևները կարելի է փափկեցնել տաք ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով, որպեսզի բուժումն ավելի արդյունավետ լինի: Տարածումը նվազեցնելու համար՝ • հաճախակի լվացեք ձեռքերը • խուսափեք վերքերը քորելուց • եղունգները կարճ պահեք • օգտագործեք առանձին սրբիչներ և անկողնային պարագաներ • անհրաժեշտության դեպքում ծածկեք վերքերը Կարևոր է ավարտել բուժման ամբողջական կուրսը, նույնիսկ եթե մաշկի վիճակը արագ բարելավվում է: Եզրակացություն Չնայած իմպետիգոն սովորաբար լուրջ վարակ չէ, վաղ ախտորոշումը կարևոր է, քանի որ այն կարող է արագ տարածվել և նմանվել մաշկային այլ հիվանդությունների: Եթե հայտնվում են վերքեր, բշտիկներ կամ կեղևակալած հատվածներ, խորհուրդ է տրվում դիմել բժշկի: Ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար այցելեք Դալիմեդ բժշկական կենտրոն, որտեղ մասնագետները կարող են տրամադրել մաշկի պրոֆեսիոնալ խնամք և համապատասխան թերապիա:
Քնի խանգարում
20 Մարտ 2026
Քունն անհրաժեշտ է ֆիզիկական վերականգնման, ուղեղի աշխատանքի և հուզական հավասարակշռության համար: Երբ քունը խանգարվում է, օրգանիզմը չի ավարտում իր բնականոն վերականգնողական գործընթացները, ինչը կարող է հանգեցնել հոգնածության, վատ կենտրոնացման և առօրյա աշխատունակության անկման: Քնի խանգարումը լայն հասկացություն է, որն իր մեջ ներառում է քնելու դժվարությունը, հաճախակի արթնացումները, չափազանց վաղ արթնանալը կամ քնելուց հետո թարմության զգացման բացակայությունը: Ժամանակ առ ժամանակ վատ քունը կարող է լինել սթրեսի կամ գրաֆիկի փոփոխության հետևանք, սակայն մշտական խնդիրները կարող են վկայել քնի խանգարման մասին: Տարածված խանգարումներից են անքնությունը, շնչառության հետ կապված քնի խանգարումները, շարժողական խանգարումները և քուն-արթնություն բնական ռիթմի խաթարումները: Մեծահասակների մեծամասնությանը միջինում անհրաժեշտ է յոթից ինը ժամ քուն: Ախտանշաններ Քնի խանգարումը կարող է դրսևորվել տարբեր ձևերով ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը: Ընդհանուր ախտանշանները ներառում են. • Քնելու կամ քնած մնալու դժվարություն: • Գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանալ: • Ցերեկային հոգնածություն՝ չնայած անկողնում անցկացրած բավարար ժամերին: Որոշ մարդիկ ունենում են նաև վատ կենտրոնացում, դյուրագրգռություն, գլխացավեր կամ չափազանց մեծ քնկոտություն ցերեկային ժամերին: Որոշ դեպքերում խռմփոցը, շնչառական դադարները, ոտքերի շարժումները կամ քնի ժամանակ անսովոր վարքագիծը կարող են հուշել քնի կոնկրետ խանգարման մասին: Պատճառներ Քնի խանգարումը հաճախ զարգանում է կենսակերպի, հուզական և բժշկական գործոնների համակցման արդյունքում: Հաճախակի հանդիպող պատճառներն են. • Սթրեսը, տագնապը կամ քնի անկանոն գրաֆիկը: • Կոֆեինի, ալկոհոլի օգտագործումը կամ էկրանների ազդեցությունը քնելուց առաջ: • Քրոնիկ հիվանդությունները, ցավը կամ քնի ժամանակ շնչառական խնդիրները: Որոշ դեղամիջոցներ, գիշերային հերթափոխով աշխատանքը և հորմոնալ փոփոխությունները նույնպես կարող են ազդել քնի բնականոն ռիթմի վրա: Բուժում Բուժումը կախված է պատճառից, սակայն շատ դեպքեր բարելավվում են քնի ճիշտ սովորությունների շնորհիվ: Օգտակար միջոցառումները ներառում են. • Ամեն օր նույն ժամին քնելը և արթնանալը: • Քնելուց առաջ խթանիչներից և ծանր սննդից խուսափելը: • Ննջասենյակում լռության և հարմարավետության ապահովումը: Եթե ախտանշանները շարունակվում են, կարող է անհրաժեշտ լինել բժշկական հետազոտություն: Բուժաշխատողը կարող է առաջարկել թեստեր կամ քնի մոնիթորինգ՝ անքնությունը կամ քնի ապնոէն հայտնաբերելու համար: Բուժումը կարող է ներառել նաև հիմնական հիվանդությունների կառավարում կամ դեղորայքի օգտագործում՝ ըստ անհրաժեշտության: Եզրակացություն Մշտական քնի խանգարումը չպետք է անտեսվի, քանի որ վատ քունն ազդում է ընդհանուր առողջության, տրամադրության և առօրյա գործունեության վրա: Վաղաժամ հետազոտությունը օգնում է կանխել բարդությունները և բարելավում է կյանքի որակը: Դալիմեդ բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություններ անցնելը և բուժում ստանալը կարող է օգնել բացահայտել քնի խնդիրների պատճառը և նպաստել արդյունավետ վերականգնմանը:
Ի՞նչ է կրեատինինը
18 Մարտ 2026
Կրեատինինը թափոն է, որն առաջանում է մկանների բնականոն նյութափոխանակության ընթացքում: Երբ մկաններն օգտագործում են էներգիա, կրեատին կոչվող միացությունը քայքայվում է և առաջացնում կրեատինին: Այս նյութն անցնում է արյան մեջ և տեղափոխվում երիկամներ, որտեղ այն զտվում և հեռացվում է օրգանիզմից մեզի միջոցով: Քանի որ այս գործընթացը տեղի է ունենում շարունակաբար, արյան մեջ կրեատինինի մակարդակն օգնում է ցույց տալ, թե որքան լավ են գործում երիկամները: Չնայած կրեատինինն ինքնին օրգանիզմում ուղղակի գործառույթ չունի, այն երիկամների առողջությունը գնահատելու համար ամենահաճախ օգտագործվող լաբորատոր ցուցանիշներից մեկն է: Առողջ երիկամները կրեատինինի մակարդակը պահում են կայուն միջակայքում: Երբ երիկամների զտումը նվազում է, կրեատինինը սկսում է կուտակվել արյան մեջ, ինչը կարող է վկայել երիկամների ֆունկցիայի խանգարման մասին: Ինչո՞ւ է կրեատինինը կարևոր Կրեատինինի թեստը հաճախ ներառվում է արյան ստանդարտ հետազոտությունների մեջ, քանի որ այն օգնում է բժիշկներին գնահատել երիկամների ֆիլտրացիան: Այն սովորաբար նշանակվում է այլ թեստերի հետ միասին՝ հիմնական կամ ընդլայնված մետաբոլիկ պանելի շրջանակներում: Քանի որ երիկամների հիվանդությունը կարող է զարգանալ առանց հստակ վաղ ախտանիշների, կրեատինինի չափումը կարող է օգնել հայտնաբերել խնդիրները վաղ փուլում: Բժիշկները սովորաբար պահանջում են կրեատինինի հետազոտություն հետևյալ դեպքերում. • գնահատել երիկամների ֆունկցիան շաքարային դիաբետով, արյան բարձր ճնշմամբ կամ սրտի հիվանդություններով տառապող մարդկանց մոտ • հսկել երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտներին • գնահատել, թե արդյոք դեղամիջոցները կարող են ազդել երիկամների ֆունկցիայի վրա: Կրեատինինի նորմալ մակարդակը Կրեատինինի նորմալ արժեքները տատանվում են՝ կախված տարիքից, սեռից, մկանային զանգվածից և հիդրատացիայի վիճակից (ջրային հաշվեկշռից): Մեծ մկանային զանգված ունեցող մարդիկ սովորաբար ունենում են մի փոքր ավելի բարձր մակարդակ: Արյան մեջ կրեատինինի բնորոշ միջակայքերն են. • Չափահաս տղամարդիկ՝ 0,7–1,2 մգ/դլ • Չափահաս կանայք՝ 0,5–1,0 մգ/դլ Լաբորատոր միջակայքերը կարող են մի փոքր տարբերվել, ուստի արդյունքները միշտ պետք է մեկնաբանվեն բուժաշխատողի կողմից: Կրեատինինի ցածր և բարձր մակարդակները Ցածր կրեատինինը սովորաբար կապված է մկանային զանգվածի նվազման, վատ սննդի, հղիության կամ լյարդի խնդիրների հետ: Այն ավելի քիչ տարածված է և հաճախ կապված չէ երիկամների հիվանդության հետ: Բարձր կրեատինինը սովորաբար վկայում է երիկամների զտման նվազման մասին, սակայն ժամանակավոր աճ կարող է տեղի ունենալ նաև ջրազրկման, ինտենսիվ մարզումների կամ սպիտակուցների մեծ քանակությամբ ընդունման պատճառով: Բարձր կրեատինինի ընդհանուր պատճառները ներառում են. • երիկամների վարակներ • երիկամների քարեր • երիկամների բորբոքում • երիկամային անբավարարություն • անվերահսկելի շաքարային դիաբետ կամ արյան բարձր ճնշում Ախտանիշները կարող են ներառել հոգնածություն, այտուցվածություն, սրտխառնոց, միզարձակման նվազում կամ մեզի գույնի փոփոխություն: Բուժում և մոնիտորինգ Կրեատինինն ինքնին ուղղակիորեն չի բուժվում. բուժումը կախված է հիմնական պատճառից: Եթե աննորմալ մակարդակները կապված են վարակի, ճնշման խնդիրների, դիաբետի կամ երիկամների հիվանդության հետ, բուժումն ուղղվում է այդ վիճակներին: Կանոնավոր մոնիտորինգը կարևոր է, քանի որ կրեատինինի փոփոխությունները կարող են օգնել վաղ հայտնաբերել երիկամների խնդիրները և ուղղորդել բուժման որոշումները:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել