Ամառը ողջ օրը դրսում գտնվելու, վազվզելու, խաղալու ու աննկարագրելի ուրախ ժամանակ անցկացնելու հրաշալի եղանակ է, բայց, այս ամենի հետ մեկտեղ, մեծ է ջերմային հարվածի, այրվածքների ու ջրազրկման զարգացման ռիսկը։ Հետևաբար՝ կարևոր է իմանալ արևից պաշտպանվելու պարզ ու հասարակ կանոնների մասին.
1.Կեսօրին աշխատել տանը մնալ արևի ուժեղ ու վնասակար ճառագայթներից խուսափելու նպատակով (մասնավորապես՝ ժամը 10:00-16:00 ընկած ժամանակահատվածում), կամ թաքնվել ստվերաշատ վայրերում (ծառի տակ, անձրևանոցի ներքո, վրանում)։
2.Երեխաներին հագցնել երկարաթև, բամբակյա, ազատ նստող ոճի հագուստ՝ պաշտպանելով մարմնի բաց տեղամասերը։
3.Լայն երիզով գլխարկ գնել, որպեսզի ծածկվեն գլուխը, պարանոցն ու ականջները. սա հատկապես կարևոր է կարճ մազերով փոքրիկների պարագայում։
4.Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են արևային ակնոց կրել, որը կպաշտպանի աչքերն արևի ՈւՄ ճառագայթներից (գնելիս ուշադրություն դարձրեք տոկոսին՝ 97-100% UV protection)
5.Չմոռանալ նաև արևապաշտպան քսուքներ կիրառելու մասին (նվազագույնը 15 SPF), քսել նախապես՝ տանից դուրս գալուց 30րոպե առաջ, թարմացնել յուրաքանչյուր 2ժամը մեկ։
Ի դեպ՝ նախքան քսուքի ամբողջական կիրառումը կարևոր է փոքրիկ չափաքանակով փորձ կատարել մաշկի սահմանափակ հատվածի վրա ալերգիկ ռեակցիան ստուգելու նպատակով։ Բացի այդ՝ քսուքը գնելուց առաջ ուշադրություն դարձրեք բաղադրությանը. ցանկալի է, որ այն չպարունակի օքսիբենզոն։ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան խորհուրդ չի տալիս կիրառել արևապաշտպան քսուքները մինչև 6 ամսական երեխաների շրջանում, իսկ, եթե արևի տակ գտնվելն անխուսափելի է լինելու, ապա՝ բարակ շերտով և ցինկի օքսիդի կամ տիտանիումի երկօքսիդի պարունակությամբ։ Այնուամենայնիվ, թեթև անզգուշությունն անգամ կարող է հանգեցնել արևից այրվածքի զարգացման։ Այրվածքի առաջին նշանները հաճախ դրսևորվում են արևի տակ գտնվելուց 6-12ժամ անց։ Թեթև աստիճանի այրվածքը հատուկ հիվանդանոցային բուժման կարիք չունի, խոսքը վերաբերում է մաշկի տեղային կարմրությանը, ջերմությանը կամ ցավին։ Նման պարագայում կարևոր է.
•Առաջարկել խմել շատ հեղուկներ ջրազրկումից խուսափելու նպատակով։
•Լոգանքը միայն գոլ ջրով։
•Տալ երեխային ցավազրկող որևէ միջոց (պարացետամոլ կամ իբուպրոֆեն. հետևեք տարիքին և քաշին համապատասխան դեղաչափի օգտագործմանը, ինչը նշված է լինում ներդիրում)։
•Խուսափել տարատեսակ լոսյոններից և քսուքներից, որոնք նախատեսված են մեծերի համար և նախքան կիրառումը խորհրդակցել մանկաբույժի հետ։
•Խուսափել արևից մինչ այրված մաշկային մակերեսների վերականգնումը։
•Մնալ մանկաբույժի հսկողության ներքո։