Ին՞չ է կորտիզոլը

Ին՞չ է կորտիզոլը

Ին՞չ է կորտիզոլը
Կորտիզոլը մակերիկամների կեղևի խրձային գոտում սինթեզվող հիմնական գլյուկոկորտիկոիդն է: Կորտիզոլի մակարդակը արտացոլում է օրգանիզմի սուր, քրոնիկ և օրական փոփոխությունները տարբեր ֆիզիոլոգիական և հոգեբանական վիճակներում:
Սովորաբար, կորտիզոլի ամենաբարձր արտազատումը տեղի է ունենում գիշերվա երկրորդ կեսին, իսկ առավելագույն մակարդակին հասնում է վաղ առավոտյան, ինչից հետո կորտիզոլի մակարդակը նվազում է օրվա ընթացքում՝ ամենացածր մակարդակները գրանցելով գիշերվա առաջին կեսին։
Կորտիզոլը կարևոր դեր է խաղում բազմաթիվ կարևոր ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորման մեջ, ներառյալ էներգետիկ փոխանակությունը, էլեկտրոլիտների հավասարակշռությունը, արյան ճնշման պահպանումը, իմունոմոդուլյացիան, սթրես ռեակցիան, բջիջների պրոլիֆերացիան, ինչպես նաև ճանաչողական ֆունկցիաները։
Կորտիզոլի հիմնական մասը շրջանառվում է պլազմայի սպիտակուցներին կապված՝ կորտիկոստերոիդ կապող գլոբուլինի և ալբումինի։ Կենսաբանորեն ակտիվ ազատ ֆրակցիան կազմում է ընդհանուր կորտիզոլի ընդամենը 2-5%-ը։
Կորտիզոլի բարձր մակարդակը կարող է հայտնաբերվել սթրես ռեակցիաների, հոգեբուժական խանգարումների, ճարպակալման, շաքարայի դիաբետի, ալկոհոլիզմի, հղիության ժամանակ, ինչը կարող է ախտորոշման խնդիրներ առաջացնել Քուշինգի համախտանիշով հիվանդների մոտ։
Կորտիզոլի ցածր մակարդակ դիտվում է հազվադեպ մակերիկամային ֆերմենտային խանգարումներ ունեցող և երկարատև սթրեսից հետո պացիետների մոտ։
Երբ արյան մեջ կորտիզոլի մակարդակը ցածր է, ուղեղի հիպոթալամուսում արտազատում է կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոնը (ԿՌՀ), որի հետևանքով հիպոֆիզում արտադրվում է ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ԱԿՏՀ): ԱԿՏՀ-ն խթանում է կորտիզոլի սեկրեցիան, ինչը հանգեցնում է արյան մեջ կորտիզոլի մակարդակի բարձրացմանը։ Երբ կորտիզոլի մակարդակը բարձրանում է, այն սկսում է արգելափակել հիպոթալամուսից ԿՌՀ -ի և հիպոֆիզից ԱԿՏՀ -ի արտազատումը։

Բարձր կորտիզոլի (հիպերկոտիզոլիմ) պատճառներն են`

1.ԱԿՏՀ-ի գերարտադրությունը՝ ԿՌՀ արտադրող ուռուցքի, հիպոֆիզի ԱԿՏՀ արտադրող ուռուցքի (Քուշինգի հիվանդություն) կամ այլ ուռուցքների դեպքում,
2.Մակերիկամի խրձային գոտու կողմից գլյուկոկորտիկոիդների ինքնավար գերարտադրությունը, օրինակ՝ ուռուցքի դեպքում (Քուշինգի համախտանիշ)

Հիպերկորտիզոլիզմի դրսևորումներն են`

• զարկերակային ճնշման բարձրացումը,
• քաշի ավելացումը՝ դեմքի, պարանոցի և իրանի շրջանում ճարպի կուտակումով, իսկ վերջույթները համեմատաբար բարակ են ,
• հիպերգլիկեմիան,
• իմունային համակարգի ընկճումը (լիմֆոպենիա, էոզինոպենիա)
• մկանային զանգվածի նվազում,
• օստեոպորոզ,
• մաշկի բարակում,
• ստրիաների առաջացում,
• վերքերի ուշ ապաքինում

Ցածր կորտիզոլի (հիպոկորտիցիզմ) պատճառներն են`

• Ադիսոնի հիվանդություն (առաջնային մակերիկամային անբավարարություն)
• Երկրորդային մակերիկամային անբավարարություն
• Հիպոֆիզի անբավարարություն
• Հիպոթալամուսի անբավարարություն
• Բնածին մակերիկամային հիպերպլազիա (կորտիզոլի սինթեզին մասնակցող ֆերմենտների արատներ)

Եթե դուք նկատում եք վերը նշված ախտանշանները կամ պարզապես ցանկանում եք ստուգել ձեր հորմոնները, խորհուրդ ենք տալիս անցնել կորտիզոլի թեստ Դալիմեդ բժշկական կենտրոնում։ Մեր ժամանակակից լաբորատորիան և փորձառու մասնագետները կապահովեն ճշգրիտ արդյունքներ և անհատական մոտեցում։
Ի՞նչ է ասպիրինը
13 Օգոստոս 2025
Ասպիրինը (ազդող նյութը՝ ացետիլսալիցիլաթթու) դեղամիջոց է, որն օգտագործվում է ցավը, ջերմությունը և բորբոքումը նվազեցնելու համար։ Սակայն այն շատ կարևոր դեր ունի նաև սրտի հիվանդությունների կանխարգելման մեջ (Կարդիոմագնիլ, Ասպիրին կարդիո)։ Ինչու է Ասպիրինը կարևոր սրտի հիվանդների համար Ասպիրինը ունի արյունը «հեղուկ պահող» (թանձրացումն արգելակող, ջրիկացնող) հատկություն։ Շատ սրտային հիվանդություններ սկսվում են նրանից, որ արյունը դառնում է թանձր և կարող է ձևավորել մակարդուկներ (թրոմբեր), որոնք խանգարում են արյան բնական հոսքին։ Այդ թրոմբերը կարող են փակել սրտի կամ ուղեղի անոթները՝ առաջացնելով սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ։ Ասպիրինը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը՝ կանխելով թրոմբերի ձևավորումը այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկ։ Ովքե՞ր պետք է օգտագործեն Ասպիրին (բժշկի ցուցումով) • Ովքեր արդեն ունեցել են սրտամկանի ինֆարկտ կամ գլխուղեղի ինսուլտ • Ովքեր ունեն սրտի իշեմիկ հիվանդություն (սրտի անոթների նեղացում) • Ովքեր կրել են կորոնար զարկերակների (սիրտը սնող անոթների) ստենտավորում • Բարձր ռիսկով անձինք՝ շաքարային դիաբետով, ավել քաշով կամ ծխողներ Ասպիրինը պետք է ընդունել միայն բժշկի ցուցումով, քանի որ այն կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ։ Օրինակ՝ բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց մոտ այն կարող է մեծացնել ներուղեղային արյունազեղման (հեմոռագիկ ինսուլտի) առաջացման ռիսկը։ Հնարավոր կողմնակի ազդեցություններ Ասպիրինը կարող է առաջացնել նաև հետևյալ խնդիրները. • Ստամոքսի ցավ • Արյունահոսություն (օրինակ՝ լնդերից կամ աղիքներից) • Ալերգիկ ռեակցիա Տեղեկացրեք բժշկին, եթե. • Ընդունում եք այլ դեղեր • Ունեք արյունահոսություն կամ ստամոքսի խոց, գաստրիտ • Պատրաստվում եք վիրահատության Որքա՞ն և ո՞նց է ընդունվում դեղորայքը Սիրտանոթային հիվանդությունների առաջնային և երկրորդային կանխարգելման նպատակով ասպիրինը օգտագործվում է ցածր դեղաչափով՝ 75–150 մգ օրական (բժշկի ցուցումով)։ Այն ընդունվում է ամեն օր (Կարդիոմագնիլը՝ ուտելուց հետո, Ասպիրին կարդիոն՝ ուտելուց առաջ)։ Մի դադարեցրեք ասպիրինը առանց բժշկի հետ խորհրդակցելու, նույնիսկ եթե լավ եք զգում։Հիշեցում բուժառուին • Ասպիրինը բուժում չի անում, այն կանխում է վտանգավոր վիճակների առաջացումը։ • Այն պետք է ընդունել ամեն օր, ճիշտ ժամին։ • Պահեք այն երեխաներից հեռու։ • Խոսեք բժշկի հետ, եթե այլ դեղեր էլ եք ընդունում։ Ասպիրին օգտագործելու ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել զարկերակային ճնշումը՝ բարդություններից, հատկապես արյունահոսության կամ ինսուլտի ռիսկից խուսափելու համար։ Հիշեք՝ դեղամիջոցը կարող է օգնել, սակայն սրտի իրական պաշտպանությունը սկսվում է առողջ ապրելակերպից։
Ատամների սպիտակեցում: Ձյունաճերմակ ժպիտ առանց առողջությանը վնասելու
13 Օգոստոս 2025
Սպիտակ, փայլուն ժպիտը ոչ միայն գեղագիտություն է, այլև ինքնավստահության արտացոլում: Այսօր հնարավոր է արագ և արդյունավետ կերպով սպիտակեցնել ատամները, բայց կարևոր է հիշել, որ սպիտակեցումը բժշկական պրոցեդուրա է, այլ ոչ թե կոսմետիկ ծառայություն: Սխալ մոտեցման դեպքում այն կարող է վնասել ձեր առողջությանը: Ինչու՞ պետք է վստահել միայն մասնագետին Կլինիկական պայմաններում սպիտակեցումն իրականացնում են մասնագիտական ուսուցում անցած ստոմատոլոգները: Նրանք օգտագործում են անվտանգ, հավաստագրված նյութեր և յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես ընտրում գելի կոնցենտրացիան: Բժիշկը հաշվի է առնում էմալի, լնդերի վիճակը, պլոմբերի կամ ռեստավրացիաների առկայությունը: Ատամների ինքնուրույն սպիտակեցումը տանը, հատկապես համացանցից կամ խանութներից ձեռք բերված հավաքածուներով, կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: • բերանի լորձաթաղանթի այրվածքներ; • էմալի վնասում և բարակացում; • ատամների բարձր զգայունություն; • լնդերի բորբոքում: Ոչ մի հավաքածու չի կարող փոխարինել ստոմատոլոգի փորձն ու գիտելիքները: Նույնիսկ եթե պրոցեդուրան թվում է պարզ, առանց բժշկական ախտորոշման անհնար է որոշել, թե արդյոք այն անվտա՞նգ է հենց ձեզ համար: Սպիտակեցման տեսակները Կլինիկական սպիտակեցում: Անցկացվում է ստոմատոլոգի աշխատասենյակում 1-1.5 ժամվա ընթացքում: Օգտագործվում են ջրածնի պերօքսիդի կամ կարբամիդի վրա հիմնված գելեր, որոնք ակտիվացվում են հատուկ լամպով կամ լազերով: Արդյունքը նկատելի է անմիջապես, իսկ բժիշկը վերահսկում է գործընթացը սկզբից մինչև վերջ: Տնային սպիտակեցում բժշկի հսկողությամբ: Բժիշկը պատրաստում է անհատական կապաներ և տրամադրում է օպտիմալ կոնցենտրացիայով գել: Հիվանդը անցնում է բուժման կուրս տանը 1-3 շաբաթ, բայց ստոմատոլոգի կանոնավոր հսկողության ներքո: Ու՞մ համար սպիտակեցումը հարմար չէ Պրոցեդուրան խորհուրդ չի տրվում հղիության, ատամների կարիեսի, լնդերի բորբոքման, ինչպես նաև ատամների բարձր զգայունության դեպքում: Այս դեպքերում բժիշկը նախ կատարում է բուժում և միայն դրանից հետո է վերադառնում սպիտակեցման հարցին: Ինչպե՞ս պահպանել արդյունքը Սպիտակեցման էֆեկտը տևում է 6 ամսից մինչև 3 տարի: Այն ավելի երկար պահպանելու համար՝ • խուսափեք սուրճի, թունդ թեյի, կարմիր գինու հաճախակի օգտագործումից; • մի ծխեք; • անցեք պրոֆեսիոնալ մաքրում ստոմատոլոգի մոտ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Հիշեք՝ ատամների առողջությունն ավելի կարևոր է, քան անմիջական արդյունքը: Տնային պայմաններում սպիտակեցման փորձերը կարող են ձեզ արժենալ ոչ միայն սպիտակություն, այլև ժպիտի առողջություն։ «Դալիմեդ» բժշկական կենտրոնում ատամների սպիտակեցումն իրականացնում են փորձառու բժիշկներ՝ ապահովելով առավելագույն անվտանգություն և երկարատև արդյունք։ Գրանցվեք խորհրդատվության հենց հիմա՝ վստահեք ձեր ժպիտը մասնագետներին։
Սեբորեային կերատոմա
11 Օգոստոս 2025
Սեբորեային կերատոման (կամ սեբորեային կերատոզը) մաշկի ամենատարածված բարորակ նորագոյացություններից է։ Այն սովորաբար զարգանում է մեծահասակների մոտ և դիտվում է որպես բնական տարիքային փոփոխություն։Ովքե՞ր են ունենում սեբորեային կերատոմաներ Սեբորեային կերատոմաները հաճախ հանդիպում են 60 տարեկանից բարձր անձանց մոտ, սակայն դրանք կարող են ի հայտ գալ արդեն 30–40 տարեկանում՝ անկախ սեռից և ռասայից։ Երիտասարդների (մինչև 20 տարեկան) շրջանում հանդիպում են հազվադեպ։Առաջացման պատճառները Թեև սեբորեային կերատոմա անվանումը ենթադրում է կապ ճարպագեղձերի հետ, իրականում գոյացությունները չեն առաջանում ճարպագեղձերից։ Դրանք առաջանում են էպիդերմիսի անհաս կերատինոցիտների ոչ նորմալ բազմացման արդյունքում։Տարածվածությունը Սեբորեային կերատոման չափազանց տարածված է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ՝ •40 տարեկանում մարդկանց մոտ 30%-ն ունի առնվազն մեկ սեբորեային կերատոմա •60 տարեկանից բարձր անձանց մոտ տարածվածությունը հասնում է գրեթե 75%-իՆպաստող գործոններն են՝ • Ժառանգական նախատրամադրվածությունը • Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը • Հնարավոր, բայց քիչ հավանական է վիրուսային ներգործությունը (օր.՝ HPV) • Գենետիկ մուտացիաները՝FGFR3, PIK3CA, RASԱրտաքին տեսքը Սեբորեային կերատոմաները կարող են ունենալ տարբեր արտաքին դրսեւորումներ․ • Տեսքը — լինում են հարթ կամ մաշկից բարձրացած հանգույցիկներ • Մակերեսը — հաճախ թեփոտված է, երբեմն՝ ճաքճքած • Գույնը՝ մաշկագույնից մինչև դեղնավուն, դարչնագույն կամ սև • Չափերը՝ 1 մմ-ից մինչև մի քանի սանտիմետր • Տեղակայումը՝ մարմնի գրեթե ցանկացած հատվածում՝ բացի ափերից և ներբաններից • Հաճախ հայտնվում են կլաստերային խմբերով՝ հատկապես կրծքավանդակի, մեջքի, գլխամաշկի, ծալքերի շրջանում Մեջքի վրա երբեմն դասավորվում են “եղևնու նման”, ինչը կապված է Բլաշկոյի գծերի երկայնքով տարածման հետ։Բարդություններ Սեբորեային կերատոման բարորակ գոյացություն է և չի հանդիսանում քաղցկեղ կամ նախաքաղցկեղային վիճակ։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում այն կարող է արտաքինով նմանվել չարորակ նորագոյացություններին՝ ինչպես օրինակ՝ • բազալ բջջային քաղցկեղին • տափակ բջջային քաղցկեղին • մելանոմային Բացի այդ, սեբորեային կերատոզների հանկարծակի և զանգվածային առաջացումը (հատկապես տարեց անձանց մոտ) կարող է վկայել ներքին չարորակ հիվանդության մասին՝ օրինակ ստամոքսի ադենոկարցինոմայի։ Այս երևույթը հայտնի է որպես Լազարո-Տրեյլի նշան։Ախտորոշում 1. Կլինիկական զննում – շատ դեպքերում ախտորոշումը հնարավոր է կատարել արտաքին զննման հիման վրա։ 2. Դերմատոսկոպիա – ոչ ինվազիվ մեթոդ, որը օգնում է տարբերակել սեբորեային կերատոման չարորակ գոյացություններից։ Դերմատոսկոպիկ բնորոշ հատկանիշներն են՝ • Կոմեդոնանման բացվածքները • Միլիումանման կիստաները • Գալարները և ակոսները(«ուղեղանման» կառուցվածք) • Հերակալանման անոթները 3. Բիոպսիա և հյուսվածաբանական հետազոտություն – իրականացվում է կասկածելի դեպքերում, երբ դերմատոսկոպիկ կամ կլինիկական տվյալները միանշանակ չեն։Տարբերակիչ ախտորոշում Սեբորեային կերատոման պետք է տարբերակել հետեվյալ գոյացություններից՝ • Սովորական գորտնուկներ (verruca vulgaris) • Ակտինիկ կերատոմա • Պիգմենտավորված բազալ բջջային կարցինոմա • Տափակ բջջային քաղցկեղ • Մելանոմա – հազվադեպ, սակայն կարևոր է բացառել։Բուժում Սեբորեային կերատոման բուժման կարիք չունի, բայց կարող է հեռացվել հետևյալ դեպքերում՝ • Գեղագիտական անհարմարություն • Քոր կամ գրգռվածություն • Վնասում հագուստից կամ ածելիովԲուժման մեթոդներ՝ • Կրիոդեստրուկցիա (սառեցում) • Էլեկտրոկոագուլյացիա • Լազերային թերապիա • Սափրիչ բիոպսիաԲուժման մեթոդի ընտրությունը հիմնված է գոյացության չափի, տեղակայման, ինչպես նաև բուժառուի ընդհանուր առողջական վիճակի տվյալների հիման վրա։ Լավագույն մեթոդի ընտրության հարցում պետք է հաշվի առնել բոլոր ցուցումները և հակացուցումները։ Կանխարգելում և կանխատեսումՔանի որ առաջացման ճշգրիտ պատճառները հստակ պարզված չեն, կանխարգելման հատուկ միջոցներ նույնպես հայտնի չեն։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում՝ • Կիրառել արևապաշտպան միջոցներ • Կատարել պարբերական մաշկաբանական զննում • Խուսափել արևային գերծանրաբեռնվածությունից Որոշ սեբորեային կերատոմաներ կարող են ժամանակի ընթացքում ինքնուրույն անհետանալ։ Կասկածելի դեպքերում միշտ պետք է դիմել մասնագետի։
Ռևմատոիդ արթրիտ
10 Օգոստոս 2025
Ռևմատոիդ արթրիտը քրոնիկ, աուտոիմուն հիվանդություն է, որն ազդում է հիմնականում հոդերի վրա՝ առաջացնելով բորբոքում, ցավ, այտուց, և աստիճանական հոդային վնասում։ Այս հիվանդությունը կարող է ախտահարել ոչ միայն հոդերը այլև ներքին օրգանները՝ սիրտը, թոքերը և արյան անոթները։ Ռևմատոիդ արթրիտի առաջացման պատճառները դեռևս լիովին պարզված չեն, սակայն համարվում է, որ գենետիկական նախատրամադրվածությունը, շրջակա միջավայրի գործոնները, օրինակ վիրուսային վարակները, ծխելը, ինչպես նաև իմուն համակարգի խանգարումները կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։ Իմուն համակարգը սկսում է սխալմամբ հարձակվել սեփական հյուսվածքների վրա, հատկապես հոդերի սինովիալ թաղանթների դեմ, առաջացնելով բորբոքում և վնասում։ Հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ՝ հատկապես 30-60 տարեկան շրջանում, սակայն հիվանդության սկիզբը կարող է լինել մանկական տարիքում՝սկսած նույնիսկ 2 տարեկանից։ Սկզբնական ախտանշանները ներառում են հոդացավեր, առավոտյան կարկամություն, այտուց, կարմրություն և շարժման սահմանափակում։ Սովորաբար ինչքան հիվանդության սկիզբը սկսում է վաղ, այնքան ընթանում է ավելի ագրեսիվ՝ բերելով անդառնալի դեֆորմացիաների առաջացման, ընդհուպ հոդերի կոնտրակտուրաների զարգացման։ Մանկական տարիքում սկսված ռևմատոիդ արթրիտը անվանում ենք Յուվենիլ ռևմատոիդ արթրիտ, որը կարող է ընթանալ ռևմատոիդ վասկուլիտի (անոթաբորբի) ձևով՝ հանգեցնելով ներքին օրգանների ախտահարման։ Սովորաբար հիվանդությունը սկսվում է փոքր հոդերից՝ դաստակի և ոտնաթաթի մանր հոդերից և կարող է տարածվել մյուս հոդերին։ Ողնաշարի ախտահարում ռևմատոիդ արթրիտի ժամանակ այդքան բնորոշ չէ, թեպետ կարող է ախտահարվել ողնաշարի պարանոցի ատլանտոաքսիալ հոդը։ Ռևմատոիդ արթրիտի ախտորոշումը կատարվում է կլինիկական ախտանիշների, արյան լաբորատոր թեստերի (օրինակ՝ ռևմաոիդ գործոն, հակա-CCP հակամարմիններ, C-ռեակտիվ սպիտակուց) և ռենտգեն կամ ՈՒՁՀ հետազոտությունների միջոցով։ Շատ կարևոր է հիվանդության վաղ ախտորոշումը, քանի որ ինչքան վաղ սկսվի բուժումը, այնքան կարելի ունենալ կայուն ռեմիսիա։ Եթե հիվանդի գանգատները առկա են 5-6 ամսից քիչ, ապա Ռ-գրաֆիան ինֆորմատիվ չի, այդ դեպքում խորհուրդ է տրվում կատարել հոդերի ՈՒՁՀ և հակա-CCP- հակամարմնի ստուգում։ Բուժումը հիմնականում ուղղված է բորբոքման նվազեցմանը և հոդերի վնասումը կանխելուն։ Օգտագործվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, կորտիկոստերոիդներ, ինչպես նաև հիվանդության ընթացքը փոփոխվող դեղամիջոցներ, ինչպես մետոտրեքսատը, լեֆլունոմիդը և կենսաբանական թերապիաները, օրինակ՝ TNF-ինհիբիտորները, IL-6- ինհիբիտորները։ Թեև ռևմատոիդ արթրիտը ամբողջությամբ բուժելի չէ, ժամանակակից թերապիայի շնորհիվ հնարավոր է հիվանդությունը վերահսկել, պահել մեղմ փուլում և բարելավել հիվանդի կյանքի որակը։ Կենսաբանական թերապիայի շնորհիվ կարելի է հիվանդին ազատել կորտիկոստերոիդների երկարամյա օգտագործումից և բացառել դեղի կողմնակի էֆեկտների զարգացումը։ Առողջ ապրելակերպը, ֆիզիական վարժությունները և հոդերի խնամքը նույնպես կարևոր նշանակություն ունեն բուժման գործընթացում։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել