Ին՞չ է տեստոստերոնը

Ին՞չ է տեստոստերոնը

Ին՞չ է տեստոստերոնը
Տղամարդկանց մոտ տեստոստերոնը ամորձիների Լեյդիգի բջիջներում արտադրվող հիմնական անդրոգեն ստերոիդներից մեկն է: Տեստոստերոնի սեկրեցիան կարգավորվում է լյուտեինացնող հորմոնի (LH) կողմից և խթանում է առաջնային և երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը, սպերմատոգենեզը, կմախքային մկանների աճը և էրիթրոպոեզը:
Կանանց մոտ տեստոստերոնը հիմնականում սինթեզվում է ձվարանների և մակերիկամների կողմից: Այն կարգավորում է ոսկրային և կմախքային մկանների զանգվածը և ֆունկցիան:
Շրջանառվող տեստոստերոնի մեծ մասը (97-98%) կապված է սպիտակուցների հետ: Այն սպեցիֆիկ կապված է սեռական հորմոն կապող գլոբուլինի (SHBG) հետ, ոչ սպեցիֆիկ ` ալբումինի հետ:
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի արտադրության նվազումը պայմանավորված է ամորձիների ֆունկցիոնալ անբավարարությամբ (հիպոգոնադիզմ)։ Տեստոստերոնի արտադրությունը նվազում է տարիքի հետ: Որոշ դեղամիջոցներ, քիմիաթերապիան, հիպոթալամուս-հիպոֆիզ առանցքի խանգարումները ևս կարող են բերել տեստոստերոնի քանակի իջացմանը։
Տեստոստերոնի արտադրության ավելացում կարող է դիտվել անդրոգեն արտազատող ուռուցքների, բնածին մակերիկամային հիպերպլազիայի դեպքում, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով (PCOS) կամ իդիոպաթիկ հիպերանդրոգենեմիայով կանանց մոտ:
Հազվադեպ դեպքերում, տեստոստերոնի բարձր մակարդակ հանդիպում է երիկամային հիվանդության վերջնական փուլում գտնվող կանանցից մոտ։
Տեստոստերոնի բարձր մակարդակ կարող է լինել նաև SHBG-ի բարձրացման հետևանք՝ հիպերթիրեոզի, լյարդի հիվանդության ժամանակ կամ էստրոգենային ազդեցություն ունեցող դեղամիջոցների (հորմոնալ հակաբեղմնավորիչներ) օգտագործման պատճառով:
Թեստոստերոնը արյան մեջ շրջանառվում է երեք ձևով`

ընդհանուր, ազատ և կենսամատչելի

:

Ազատ տեստոստերոնը

սեռական հորմոն կապող գլոբուլինի և ալբումինի հետ չկապված տեստոստերոնն է: Ալբումինի հետ կապված և ազատ ձևերի ընդհանուր քանակը կոչվում է «

կենսամատչելի տեստոստերոն

»։

Ընդհանուր տեստոստերոնը

տեստոստերոնի երեք ձևերի գումարն է։

Տղամարդկանց մոտ ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝

1.Սեռական ցանկության նվազում
2.Էրեկտիլ դիսֆունկցիա
3.Սպերմատոզոիդների ցածր քանակ, պտղաբերության խնդիրներ
4.Հոգնածություն
5.Մկանային զանգվածի նվազում
6.Մարմնի ճարպի ավելացում, քաշի ավելացում
7.Մարմնի կամ դեմքի մազերի կորուստ
8.Ամորձիների փոքրացում
9.Կրծքագեղձերի մեծացում (գինեկոմաստիա)
10.Ոսկրայի զանգվածի կորուստ (օստեոպորոզ)
11.Ուժեղ քրտնարտադրություն
12.Քնի խնդիրներ
13.Տրամադրության փոփոխություններ, դեպրեսիա, դյուրագրգռվածություն, անհանգստություն
14.Կենտրոնանալու դժվարություն, վատ հիշողություն, «ուղեղի մշուշ»

Տղամարդկանց մոտ բարձր տեստոստերոնի ախտանիշներն են`

1.Ակնե և յուղոտ մաշկ
2.Մարմնի և դեմքի մազերի ավելացում
3.Տրամադրության փոփոխություններ. գրգռվածություն, ագրեսիա, տրամադրության տատանումներ, անհանգստություն և երբեմն դեպրեսիա։
4.Բարձր սեռական ցանկություն
5.Մկանային զանգվածի ավելացում
6.Գլխացավեր
7.Քնի խանգարումներ
8.Արյան բարձր ճնշում (հիպերտոնիա)
9.Ոտքերի և ոտնաթաթերի այտուցվածություն և քաշի ավելացում
10.Շագանակագեղձի մեծացում (շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա)
11.Սպերմատոզոիդների ցածր քանակ և անպտղություն
12.Կաթվածի և թոքային թրոմբոէմբոլիայի առաջացման ռիսկի բարձրացում

Կանանց մոտ բարձր տեստոստերոնի ախտանիշներն են`

1.Մարմնի և դեմքի ավելորդ մազածածկույթ (հիրսուտիզմ)
2.Գլխի մազերի նոսրացում
3.Ակնե
4.Յուղոտ մաշկ
5.Ձայնի խորացում
6.Անկանոն դաշտանային ցիկլ
7.Մկանային զանգվածի ավելացում
8.Կլիտորի մեծացում
9.Կրծքերի փոքրացում
10.Տրամադրության փոփոխություններ
11.Ձվարանների կիստաներ

Տեստոստերոնի մակարդակի կանոնավոր ստուգումը օգնում է ժամանակին հայտնաբերել հորմոնալ խանգարումները և սկսել անհրաժեշտ բուժումը։ Հրավիում ենք ձեզ հանձնել անալիզը Դալիմեդ բժշկական կենտրոնի լաբորատորիայում՝ որտեղ աշխատում են փորձառու մասնագետներ՝ ապահովելով որակյալ սպասարկում:
Սուր և քրոնիկ պանկրեատիտ. Ինչ պետք է իմանալ
05 Սեպտեմբեր 2025
Ենթաստամոքսային գեղձը փոքր, բայց չափազանց կարևոր օրգան է, որը պատասխանատու է մարսողության և ինսուլինի արտադրության համար։ Երբ այն բորբոքվում է, զարգանում է պանկրեատիտը՝ հիվանդություն, որն առանց բուժման կարող է բերել լուրջ բարդությունների։ Սուր պանկրեատիտ Սուր պանկրեատիտը սկսվում է հանկարծակի և սովորաբար ուղեկցվում է շատ ուժեղ ցավով որովայնում։ Հաճախ այն կապված է ալկոհոլի կամ չափազանց ճարպոտ սննդի օգտագործման հետ։ Ախտանշանները• սուր և անտանելի ցավ որովայնում, • սրտխառնոց և փսխում, • բարձր ջերմություն, • ընդհանուր թուլություն։ Սա վտանգավոր վիճակ է, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Երբեմն անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում։ Հիվանդությունը կարող է մեկ անգամ արտահայտվել և անցնել բուժման արդյունքում, սակայն որոշ դեպքերում այն կրկնվում է և վերածվում քրոնիկի։ Բուժում Սուր պանկրեատիտի դեպքում հիվանդին սովորաբար անհրաժեշտ է հիվանդանոցային  խնամնք։ • Առաջին 1–2 օրերը սնունդ չի թույլատրվում՝ գեղձին «հանգիստ» տալու համար։ Հեղուկներն ու սննդարար նյութերը մատակարարվում են երակային։ • Օգտագործվում են ցավազրկողներ, հակաբորբոքային և երբեմն հակաբիոտիկ դեղամիջոցներ։ • Նշանակվում է ինֆուզիոն թերապիա (շիճուկներ, էլեկտրոլիտներ) օրգանիզմի հավասարակշռությունը պահպանելու համար։ • Սննդակարգը սկսվում է հեղուկներից, այնուհետև աստիճանաբար ավելացվում են դիետիկ կերակուրներ։ • Ծանր դեպքերում կարող է պահանջվել վիրահատություն։ Քրոնիկ պանկրեատիտ Քրոնիկ ձևը երկարատև հիվանդություն է, որը զարգանում է տարիների ընթացքում։ Հիմնական պատճառներն են՝ • երկարատև ալկոհոլի օգտագործում, • սննդակարգի խախտումներ, • հաճախակի կրկնվող սուր պանկրեատիտ։ ՀատկանիշներըԵնթաստամոքսային գեղձը աստիճանաբար վնասվում է։ Ախտանշաններն են՝ • մշտական կամ պարբերաբար կրկնվող որովայնային ցավեր, • փքվածություն, • մարսողական խանգարումներ, դիարեա, • չբացատրվող նիհարում։ Ժամանակի ընթացքում կարող է զարգանալ շաքարային դիաբետ, քանի որ գեղձը դադարում է բավարար քանակով ինսուլին արտադրել։ Բուժում Քրոնիկ պանկրեատիտը պահանջում է երկարաժամկետ վերահսկողություն։ • Սննդակարգը խիստ կարևոր է. պետք է բացառել ալկոհոլը, յուղոտ, տապակած և կծու ուտելիքները։ Սնունդը խորհուրդ է տրվում ընդունել փոքր չափաբաժիններով, բայց հաճախ։ • Օգտագործվում են ֆերմենտային պատրաստուկներ մարսողությունը հեշտացնելու համար։ • Ցավազրկողներ՝ ցավերի ժամանակ։ • Եթե զարգանում է շաքարային դիաբետ, նշանակվում է ինսուլին կամ շաքարը կարգավորող այլ դեղեր։ Մի մոռացեք, որ վաղ ախտորոշումն ու բուժումը կանխարգելում են հիվանդության սրացումը և զարգացումը։ Դիմեք Դալիմեդ բժշկական կենտրոն՝ ստանալու ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում։
Ռոզացեա
03 Սեպտեմբեր 2025
Ռոզացեան մաշկի քրոնիկական, բորբոքային բնույթի հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է դեմքի կենտրոնական հատվածը։ Այն բնորոշվում է մշտական կարմրությամբ, թարախաբշտիկների և հանգույցիկների առաջացմամբ, ինչպես նաև մաշկի գերգրգռվածությամբ։ Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ և ավելի տարածված է կանանց շրջանում, սակայն տղամարդկանց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ավելի ծանր։ Պատճառները և առաջացման մեխանիզմը Ռոզացեայի հստակ պատճառը դեռևս ամբողջությամբ պարզված չէ։ Ենթադրվում է, որ հիվանդության զարգացման գործում դեր ունեն մի քանի գործոններ․ • Անոթային դիսֆունկցիա․ դեմքի մակերեսային անոթները հեշտությամբ լայնանում են, ինչի հետևանքով առաջանում է կարմրություն։ • Իմունային համակարգի գերզգայունություն․ մաշկը չափազանց ուժեղ է արձագանքում արտաքին գրգռիչներին։ • Միկրոօրգանիզմներ․ Demodex folliculorum տիզը և որոշ մանրէներ կարող են նպաստել բորբոքային ռեակցիայի առաջացմանը։ • Ժառանգական նախատրամադրվածություն․ որոշ ընտանիքներում հիվանդությունը հանդիպում է ավելի հաճախ։ Հիմնական կլինիկական ձևերը Ռոզացեան դրսևորվում է տարբեր ձևերով․ 1. Էրիթեմատո-տելանգիեկտատիկ ձև – բնորոշվում է դեմքի մշտական կարմրությամբ և մանր անոթների ցանցով։ 2. Պապուլո-պուստուլյոզ ձև – դեմքի վրա ի հայտ են գալիս թարախաբշտիկներ և հանգույցիկներ, որոնք հաճախ շփոթվում են ակնեի հետ։ 3. Ֆիմատոզ ձև – մաշկը կոպտանում է, առավել հաճախ քթի շրջանում, առաջացնելով ռինոֆիմա։ Սրող գործոնները Ռոզացեայի ընթացքը բնորոշվում է սրացումների և մեղմացման փուլերով։ Սրացումները հաճախ առաջանում են հետևյալ գործոններից․ • Արևի ճառագայթներ • Տաք կամ շատ սառը եղանակ • Սթրես • Ալկոհոլային խմիչքներ • Կծու սնունդ, տաք ըմպելիքներ • Կոսմետիկ միջոցների գրգռիչ բաղադրիչներ Ախտորոշումը Ռոզացեայի ախտորոշումը իրականացվում է հիմնականում կլինիկական պատկերի հիման վրա։ Բուժման սկզբունքները Ռոզացեայի բուժումն անհատական է և կախված է հիվանդության ձևից ու ծանրությունից։ • Տեղային բուժում․ մետրոնիդազոլի, ազելաինաթթվի, իվերմեկտինի կրեմներ կամ գելեր։ • Համակարգային բուժում․ դոքսիցիկլին կամ այլ տետրացիկլինային հակաբիոտիկներ երկարատև կուրսով։ • Լազերային թերապիա․ օգտակար է անոթային ցանցի և կարմրության նվազեցման համար։ • Վիրահատական միջամտություն․ ծանր ռինոֆիմայի դեպքում կարող է կիրառվել վիրաբուժական շտկում։ Խնամք և կանխարգելում Բացի բժշկական բուժումից, մեծ կարևորություն ունի մաշկի ճիշտ խնամքը․ • Օգտագործել նուրբ, օճառ չպարունակող լվացվելու միջոցներ • Կիրառել արևապաշտպան SPF 50 + • Խուսափել սրող գործոններից • Խոնավացնել մաշկը ոչ գրգռիչ միջոցներով Եզրակացություն Ռոզացեան քրոնիկական, բայց վերահսկելի հիվանդություն է։ Թեև ամբողջական բուժում չկա, ժամանակին ախտորոշումն ու ճիշտ բուժումը թույլ են տալիս զգալիորեն նվազեցնել ախտանշանները և բարելավել կյանքի որակը։ Հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել մաշկաբանի և հետևել խնամքի կանոններին։
Անտիմյուլլերյան հորմոն
01 Սեպտեմբեր 2025
Անտիմյուլլերյան հորմոն (ԱՄՀ) սպիտակուցային նյութ է, որը արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում: Անտիմյուլլերյան հորմոնի հիմնական գործառույթները Կանանց մոտ ԱՄՀ-ն սինթեզվում է ձվարանների բջիջների կողմից և արտացոլում է ձվաբջիջների քանակն ու որակը, այսինքն, հանդիսանում է վերարտադրողական առողջության կարևոր ցուցանիշ: Կանանց մոտ անտիմյուլլերյան հորմոնի մակարդակը ցույց է տալիս. • ձվարանների պահուստը՝ հասունացող ֆոլիկուլների և պոտենցիալ ձվաբջիջների քանակը: • բնական ճանապարհով կամ ԷԿՈ-ի միջոցով հաջող բեղմնավորման հավանականությունը: • պտղաբերության նվազման սկիզբը (տարիքի հետ ԱՄՀ-ի մակարդակը նվազում է): • հնարավոր խանգարումներ, օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը (ՁՊՀ), որի դեպքում հորմոնի մակարդակը նորմայից բարձր է: Տղամարդկանց մոտ հորմոնը դեր է խաղում ներարգանդային շրջանում սեռական համակարգի ձևավորման գործում : Տղամարդկանց մոտ ԱՄՀ-ն պատասխանատու է պտղի մոտ սեռական համակարգի ճիշտ ձևավորման համար և օգտագործվում է որոշ զարգացման և վերարտադրողական խանգարումների ախտորոշման համար: Ե՞րբ է նշանակվում հետազոտությունը Անտիմյուլլերյան հորմոնի թեստը խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում: • Պտղաբերության գնահատում և հղիության պլանավորում: • Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ծրագրերի ընտրություն և վերահսկում (օրինակ՝ ԷԿՈ): • Ձվարանների վաղաժամ սպառման կամ ՁՊՀ-ի կասկած: • Ձվարանների ֆունկցիայի գնահատում վիրահատություններից, քիմիոթերապիայից կամ ռադիոթերապիայից հետո: • Տղաների մոտ սեռական զարգացման խանգարումների ախտորոշում: Նորմա և շեղումներ ԱՄՀ-ի բարձր մակարդակը կարող է ցույց տալ ՁՊՀ կամ սեռական հասունացման ուշացում: ԱՄՀ-ի ցածր մակարդակը առավել հաճախ կապված է ձվարանների պահուստի նվազման, դաշտանադադարի կամ ձվարանների վաղաժամ սպառման հետ: Պետք է հաշվի առնել, որ հետազոտության արդյունքները միշտ մեկնաբանվում են այլ հետազոտությունների և կլինիկական պատկերի հետ համատեղ: Ինչպե՞ս է կատարվում հետազոտությունը Հետազոտության համար արյուն է վերցվում երակից: Հատուկ նախապատրաստություն չի պահանջվում, սակայն խորհուրդ է տրվում թեստը հանձնել առավոտյան և քաղցած: Ինչո՞ւ է կարևոր անցնել ԱՄՀ թեստը Անտիմյուլլերյան հորմոնը կանանց վերարտադրողական առողջության հիմնական մարկերներից մեկն է: Ժամանակին կատարված հետազոտությունը օգնում է ճիշտ պլանավորել հղիությունը, վերահսկել ԷԿՈ ծրագրերը և բացահայտել ձվարանների աշխատանքի հնարավոր խանգարումները: ԱՄՀ-ի թեստը կարելի է հանձնել «Դալիմեդ» բժշկական կենտրոնում, որտեղ կիրառվում են ժամանակակից ախտորոշման մեթոդներ։ Այստեղի փորձառու մասնագետները պատրաստ են աջակցել ձեզ առողջությունը պահպանելու և ծնողական երազանքները իրականություն դարձնելու գործում։
Ապենդիցիտ
29 Օգոստոս 2025
Ապենդիցիտը կույր աղիքի փոքրիկ ելունի՝ ապենդիքսի բորբոքումն է: Չնայած իր չնչին չափերին, հիվանդությունը կարող է չափազանց վտանգավոր լինել. բորբոքված ապենդիքսը արագ մեծանում է, իսկ պատռվելու դեպքում առաջացնում է որովայնի խոռոչի ծանր վարակ (պերիտոնիտ)։ Այդ իսկ պատճառով ապենդիցիտը համարվում է անհետաձգելի վիճակ և պահանջում է անհապաղ բժշկական օգնություն:Առաջացման պատճառներըԱմենատարածված պատճառը ապենդիքսի լուսանցքի խցանումն է կղանքային զանգվածներով։ Ավելի հազվադեպ բորբոքումն առաջանում է վարակի, մակաբույծների կամ ուռուցքի հետևանքով։ Խցանումը հանգեցնում է բակտերիաների բազմացմանը, այտուցի և հյուսվածքների արյան մատակարարման խանգարման։ Առանց բուժման ապենդիքսի պատը աստիճանաբար քայքայվում է և կարող է պատռվել։ՁևերըՍուր ապենդիցիտը զարգանում է հանկարծակի, ուղեկցվում է ուժեղ ցավով և արագ է զարգանում։Քրոնիկ ապենդիցիտը հազվադեպ է հանդիպում և դրսևորվում է պարբերական ցավերով։ Սակայն այն ցանկացած պահի կարող է վերածվել սուր ձևի, ուստի պահանջում է բժշկի հսկողություն։ԱխտանշաններըԱմենաբնորոշ նշաններն են.• Ցավը սկզբում՝ պորտի շուրջ, այնուհետև՝ որովայնի աջ ստորին հատվածում, որն ուժեղանում է շարժվելիս կամ հազալիս։• Սրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ։• Ենթաֆեբրիլ ջերմություն, երբեմն՝ դողէրոցք։• Աղիների աշխատանքի խանգարումներ. փորկապություն, լուծ կամ գազերի դժվար արտազատում։• Որովայնի փքվածություն և լարվածություն։Կարևոր է. երեխաների, տարեցների և հղի կանանց մոտ դասական պատկերը միշտ չէ, որ հանդիպում է։ Ուստի որովայնում ցանկացած հանկարծակի անհանգստություն շտապ խորհրդատվության առիթ է։ԱխտորոշումԱխտորոշումը հաստատելու համար բժիշկը զննում է կատարում և նշանակում արյան և մեզի անալիզներ։ Լրացուցիչ օգտագործվում են պատկերային մեթոդներ.• Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)՝ օգնում է հայտնաբերել բորբոքումը։• Համակարգչային շերտագրություն (ԿՏ)՝ տալիս է մանրամասն պատկեր։• Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)՝ ավելի հաճախ կիրառվում է հղիների մոտ ճառագայթային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ԲուժումԱպենդիցիտը բուժվում է վիրահատական ճանապարհով ։ Հիմնական մեթոդներն են.• Դասական ապենդէկտոմիա՝ որովայնի ստորին հատվածում կտրվածքի միջոցով։• Լապարոսկոպիա՝ քիչ ինվազիվ վիրահատություն՝ փոքր կտրվածքների միջոցով և տեսախցիկի օգտագործմամբ։Բարդացած ձևերի դեպքում կարող է պահանջվել որովայնի խոռոչի դրենավորում և անտիբիոտիկների կուրս։ Երբեմն անտիբիոտիկները կիրառվում են որպես ժամանակավոր միջոց մինչև վիրահատությունը, բայց դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել այն։Գլխավոր վտանգը ապենդիքսի պատռումն է և պերիտոնիտի զարգացումը ։ Այս դեպքում վարակը տարածվում է որովայնի խոռոչում և կարող է առաջացնել սեպսիս՝ կյանքին սպառնացող վիճակ։ Առանց բուժման մահացության ռիսկը շատ բարձր է։Ապենդիցիտը 10-ից 30 տարեկան մարդկանց մոտ ամենատարածված վիրաբուժական հիվանդությունն է, սակայն այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում։ Դրա նենգությունն այն է, որ առաջին ախտանշաններից մինչև պատռումը կարող է անցնել ընդամենը 48-72 ժամ։ Որովայնի հանկարծակի ցավի դեպքում չի կարելի հետաձգել բժշկի այցը։ Ժամանակին դիմելը հաջող բուժման և առողջության պահպանման երաշխիք է։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել