Վիրուսներ։ Ինչ պետք է իմանալ

Վիրուսներ։ Ինչ պետք է իմանալ

Վիրուսներ։ Ինչ պետք է իմանալ
Վիրուսները վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են, որոնք կարող են ախտահարել մարդուն, կենդանիներին, բույսերին, ինչպես նաև բակտերիաներին և սնկերին։ Յուրաքանչյուր վիրուս ունի իր «սեփական տիրոջը» և կարող է վարակել միայն որոշակի բջիջներ։
Վիրուսների գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք լիարժեք կենդանի օրգանիզմներ չեն։ Դրանք չունեն բջջային կառուցվածք և բազմացման սեփական մեխանիզմներ։ Դրա փոխարեն, վիրուսը թափանցում է օրգանիզմի բջիջներ և օգտագործում դրանց «սարքավորումները» նոր պատճեններ ստեղծելու համար։
Արտաքնապես վիրուսը բաղկացած է գենետիկական նյութից (ԴՆԹ կամ ՌՆԹ), որը շրջապատված է սպիտակուցային թաղանթով՝ կապսիդով ։ Որոշ վիրուսներ ունեն լրացուցիչ արտաքին թաղանթ՝ «սուպերկապսիդ»։

Ինչպես են վիրուսները թափանցում օրգանիզմ

Հաճախ վարակը փոխանցվում է լորձաթաղանթների՝ քթի, բերանի, աչքերի, սեռական օրգանների և հետանցքի միջոցով։ Վարակումը հնարավոր է նաև մաշկի վնասման, միջատների (մոծակներ, տիզեր) խայթոցների միջոցով։

Ինչպես են աշխատում վիրուսները

Հայտնվելով օրգանիզմում՝ վիրուսն ամրանում է բջջին և թափանցում ներս։ Հետագա ճանապարհը կարող է տարբեր լինել։

Լիտիկ ցիկլ

՝ վիրուսը սկսում է անմիջապես ակտիվորեն բազմանալ՝ քայքայելով բջիջը։

Լիզոգեն ցիկլ

՝ վիրուսը «քնում է» բջջի ներսում՝ ինտեգրվելով դրա գենետիկական կոդում։ Որոշակի պայմաններում (սթրես, իմունիտետի թուլացում) այն ակտիվանում է և սկսում տարածվել։

Վիրուսների հիմնական տեսակները

Գոյություն ունեն վիրուսների հսկայական քանակություն, որոնցից առավել հայտնի են։
• Գրիպ (Influenza A և B)՝ առաջացնում է սեզոնային համաճարակներ։
• Հերպեսվիրուսներ (Herpesviridae)՝ առաջացնում են հերպես, ջրծաղիկ, գոտկային որքին։
• Կորոնավիրուսներ՝ ներառյալ SARS-CoV-2 (COVID-19)։
• Մարդու պապիլոմավիրուս (HPV)՝ առաջացնում է գորտնուկներ և կարող է կապված լինել ուռուցքաբանական հիվանդությունների հետ։
• Էնտերովիրուսներ՝ ներառյալ պոլիոմիելիտ և «ձեռք-ոտք-բերան» հիվանդությունը։
• Ֆլավիվիրուսներ՝ փոխանցվում են մոծակների միջոցով (դենգե, դեղին տենդ, Զիկա վիրուս)։
• Հեպատիտ A, B, C՝ ախտահարում են լյարդը և կարող են հանգեցնել քրոնիկ հիվանդությունների։
• ՄԻԱՎ և ռետրովիրուսներ՝ ինտեգրվում են մարդու ԴՆԹ-ում՝ առաջացնելով ծանր քրոնիկ հիվանդություններ։

Վիրուսներով հարուցված հիվանդություններ

Կլինիկական դրսևորումները կախված են կոնկրետ հարուցչից ։ Վիրուսային վարակները կարող են ընթանալ անախտանիշ, բայց նաև կարող են առաջացնել ծանր հիվանդություններ։
• մրսածություն և գրիպ
• COVID-19
• կարմրուկ, ջրծաղիկ
• հեպատիտ
• ՄԻԱՎ/ՁԻԱՀ
• պապիլոմավիրուսային վարակներ
• հերպես
• պոլիոմիելիտ
• կատաղություն

Կենդանի՞, թե՞ անկենդան

Գիտնականները մինչ օրս վիճում են՝ արդյոք վիրուսները կենդանի օրգանիզմներ համարե՞լ։ Մի կողմից՝ դրանք չունեն նյութափոխանակություն և չեն կարող գոյություն ունենալ առանց տիրոջ։ Մյուս կողմից՝ դրանք ընդունակ են բազմանալ և փոփոխվել (էվոլյուցիայի ենթարկվել)։ Այդ պատճառով վիրուսները զբաղեցնում են «մոխրագույն գոտի» կենդանի և ոչ կենդանիի միջև։

Ինչու է կարևոր դիմել բժշկի

Շատ վիրուսային վարակներ թեթև են ընթանում և անցնում են ինքնուրույն։ Սակայն մի շարք հիվանդություններ կարող են ունենալ լուրջ հետևանքներ՝ լյարդի քրոնիկ ախտահարումներ, ուռուցքաբանական պրոցեսներ, բարդություններ շնչառական համակարգի և իմունիտետի վրա։ Միայն բժիշկը կարող է ճիշտ ախտորոշել և նշանակել բուժում կամ կանխարգելում (օրինակ՝ պատվաստում)։
Ի՞նչ է ադրենարխեն
24 Հոկտեմբեր 2025
Ադրենարխեն երեխայի բնական զարգացման փուլ է, երբ մակերիկամները սկսում են արտադրել ավելի շատ դեհիդրոէպիանդրոստերոն (DHEA) հորմոն։ Այս գործընթացը սովորաբար տեղի է ունենում 6-8 տարեկանում և մոտ երկու տարի առաջ է սկսվում, քան իրական սեռական հասունացումը՝ պուբարխեն։ DHEA հորմոնը նախահորմոն է, այսինքն՝ այն փոխարկվում է ավելի ակտիվ հորմոնների՝ անդրոգենների (տեստոստերոն, անդրոստենդիոն) և էստրոգենի։ Դրանք մասնակցում են սեռական հասունացմանը, վերարտադրողական առողջության պահպանմանը և մարմնի աճին։ Արյան մեջ այն հիմնականում շրջանառվում է DHEA-սուլֆատ (DHEAS) ձևով, որի առկայությունը վկայում է ադրենարխեի սկզբի մասին։ Սակայն դա երեխաների մոտ սովորաբար չի հետազոտվում, քանի որ բնական գործընթաց է։ Ինչ է տեղի ունենում ադրենարխեի ընթացքում Ադրենարխեի ժամանակ մակերիկամների կեղևը (արտաքին շերտը) շարունակում է զարգանալ, հատկապես՝ նրա խորքային՝ zona reticularis շերտը։ Այդ զարգացման արդյունքում արտադրվում է DHEA, որը փոխարկվում է անդրոգենների և խթանում հետևյալ փոփոխությունները․ • Ճարպագեղձեր․ արտադրում են սեբում՝ մաշկը պաշտպանող և խոնավությունը պահպանող նյութ, որն էլ նպաստում է մարմնի հոտի առաջացմանը։ • Ապոկրին գեղձեր․ գտնվում են թևատակերի և սեռական շրջանի հատվածներում և ակտիվանում են մակերիկամային հորմոնների ազդեցությամբ։ Կարևոր է տարբերել ադրենարխեն գոնադարխեից, երբ հասունանում են ձվարանները կամ ամորձիները և սկսում արտադրել հիմնական սեռական հորմոնները (էստրոգեն կամ տեստոստերոն)։ Դրանք տարբեր, բայց փոխկապակցված գործընթացներ են։ Վաղ ադրենարխե Վաղ ադրենարխեն նկատվում է, երբ մազերը և մարմնի հոտը ի հայտ են գալիս մինչև 8 տարեկանում աղջիկների, կամ 9 տարեկանում տղաների մոտ։ Սա սովորաբար անվնաս է, սակայն երբեմն շփոթվում է վաղ սեռական հասունացման հետ, որն ուղեկցվում է կրծքի կամ սեռական օրգանների մեծացմամբ։ Վաղաժամ ադրենարխե ունեցող երեխաները հաճախ իրենց տարիքի համար միջինից բարձրահասակ են։ Պատճառը հստակ հայտնի չէ, բայց աղջիկների մոտ ավելի հաճախ է հանդիպում։ Որպեսզի բացառվեն այլ հիվանդություններ՝ բնածին մակերիկամային հիպերպլազիա, հորմոնալ ուռուցքներ կամ արտաքին անդրոգենների ազդեցություն, մանկաբույժը կարող է նշանակել զննություն և հետազոտություններ։ Մոտ 90% դեպքերում վաղ մազածածկույթը պայմանավորված է հենց վաղ ադրենարխեով։ Վաղ ադրենարխեն սովորաբար անվնաս է և բուժում չի պահանջում։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է փոքր-ինչ բարձրացնել գերքաշի, ինսուլինային ռեզիստենտության, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի (PCOS) և հոգեկան տրամադրության խանգարումների ռիսկը։ Հոգեբանական առումով, վաղ հասունացող երեխաները երբեմն զգում են ամաչկոտություն կամ անհարմարություն։ Ադրենարխեն դադարեցնելու կամ կանխելու դեղամիջոց չկա։ Որոշ դեպքերում այն կապված է ցածր ծննդական քաշի, նախածննդյան ծննդաբերության, կամ ուղեղային վնասվածքների հետ։ Եզրակացություն Ադրենարխեն և պուբարխեն երեխայի աճի բնական և առողջ փուլեր են։ Թեև վաղ ադրենարխեն կարող է անհանգստացնել ծնողներին, այն հազվադեպ է վկայում հիվանդության մասին։ Եթե երեխան վաղ ցուցաբերում է սեռական հասունացման նշաններ կամ հոգեբանական դժվարություններ, ցանկալի է դիմել մանկաբույժի կամ մանկական հոգեբանի՝ զարգացման գնահատման և աջակցության համար։
Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ
22 Հոկտեմբեր 2025
Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատը (DHEA-S ) ստերոիդային հորմոն է, որը սինթեզվում է մակերիկամների ցանցային գոտում՝ ադրենոկորտիկոտրոպ հորմոնի (ԱԿՏՀ) ազդեցության տակ։ Ինչպես մյուս ստերոիդները, DHEA-S-ը սինթեզվում է խոլեստերինից։ DHEA-S-ը համարվում է պրոհորմոն: Այն հորմոնալ առումով իներտ է, բայց կարող է փոխակերպվել այլ, ավելի հզոր անդրոգենների և էստրոգենների։ Այն մակերիկամների ֆունկցիայի կարևոր մարկեր է և օգտակար է տարբեր էնդոկրին խանգարումների ախտորոշման համար, ինչպես նաև երեխաների մոտ վաղաժամ ադրենարխեի գնահատման համար։ Պտղի զարգացման ընթացքում DHEA-S-ը արտադրվում է մակերիկամներում, նրա մակարդակը արագորեն նվազում է կյանքի առաջին տարվա ընթացքում, որից հետո նորից ավելանում է ադրենարխեի (շուրջ 6-8 տարեկան) ժամանակ, աստիխճանաբար աճելով սեռական հասունացման ընթացքում, հասնում է իր գագաթնակետին 20-30 տարեկան հասակում: Այնուհետև DHEA-S-ի մակարդակը կայուն նվազում է: Արական սեռի մոտ մակերիկամները կազմում են անդրոգենների ընդհանուր արտադրության միայն փոքր մասը, մինչդեռ վերարտադրողական տարիքի կանանց մոտ մակերիկամների դերը անդրոգենների արտադրության մեջ ավելի արտահայտված է: Կանանց մոտ DHEA-S մակարդակի բարձրացումը կարող է առաջացնել հիպերանդրոգենիզմի նշաններ (հիրսուտիզմ, ակնե, վիրիլիզացիա): Տղամարդիկ սովորաբար ասիմպտոմատիկ են, սակայն ծայրամասային հյուսվածքներում անդրոգեններից էստրոգենների առաջացման հետևանքով երբեմն կարող է նկատվել էստրոգենների թեթև ավելցուկ: DHEAS-ի բարձր մակարդակի հաճախակի պատճառներն են՝ 1. Անդրոգեն արտազատող մակերիկամների ուռուցքներ (ադենոմաներ կամ քաղցկեղներ), հատկապես, երբ DHEAS-ը զգալիորեն բարձրացված է ( նորմայից ավելի քան 5 անգամ բարձր) 2. Բնածին մակերիկամների հիպերպլազիա 3. Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS), հաճախ թեթևից մինչև միջին մակարդակի բարձրացումով DHEAS-ի ցածր մակարդակի հաճախակի պատճառներն են՝ 1. Մակերիկամների անբավարարություն, ինչպիսիք են Ադիսոնի հիվանդությունը կամ հիպոպիտուիտարիզմի պատճառով երկրորդային մակերիկամային անբավարարությունը 2. Սուբկլինիկական կամ արտահայտված հիպերկորտիզոլիզմ 3. Ծանր համակարգային հիվանդություններ, սուր սթրես, քրոնիկ վիճակներ, ինչպիսին է անորեքսիան DHEAS-ը ազդում է իմունային մոդուլյացիայի, բորբոքման և նեյրոնային պաշտպանության վրա. ցածր մակարդակները կապված են ճանաչողական անկման և տրամադրության խանգարումների հետ։ Կարևոր է հորմոնի մակարդակի պարբերական վերահսկումը, քանի որ դրա շեղումները կարող են վաղ փուլում մատնանշել մակերիկամային կամ հորմոնալ խանգարումներ։ Ժամանակին DHEA-S-ի հետազոտությունը նպաստում է ճիշտ ախտորոշմանն ու արդյունավետ բուժման ընտրությանը։
Շնչառական վիրուսային վարակները երեխաների շրջանում
20 Հոկտեմբեր 2025
Աշնանային գեղեցիկ օրերի և գույների հետ միաժամանակ հաճախանում են վերին շնչուղիների վարակները կամ սուր շնչառական վիրուսները, որոնց ժողովուրդը, հաճախ, անվանում է սեզոնային մրսածություն։ Եկեք միասին հասկանանք, թե ինչպես են երեխաները վարակվում այս վիրուսներով և ինչ է պետք անել դրանց կանխարգելման նպատակով։ Վերին շնչուղիների վարակներն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող (իրար «վրա» հազալ/փռշտալ, մեկ այլ վարակված անձի կենցաղային իրերին/խաղալիքներին ձեռք տալ, նույն սպասքից օգտվել), ինքնասահմանափակվող սեզոնային վիրուսային հիվանդություններ են։ Սովորաբար սկսվում են աշնանը` շարունակվելով մինչև գարնան վերջ (կամ, ինչպես ասում են, ուսումնական տարվան զուգընթաց)։ Ախտանշանները հիմնականում հետևյալն են․ • Ջերմության հանկարծակի և հաճախակի բարձրացում (38°C և ավել) • Դող, սարսուռ • Գլխացավ, մկանացավ, մարմնի կոտրատվածության զգացում • Կոկորդում քերոց • Հազ • Քթահոսություն • Երբեմն՝ փսխումներ կամ փորլուծություն Շնչառական վիրուսները հիմնականում ախտահարում են վերին շնչուղիները՝ քթըմպանը, կոկորդն ու շնչափողը, սակայն երբեմն հնարավոր է նաև բրոնխների ախտահարում։ Հիվանդությունն առավել հաճախ տևում է մինչև մեկ շաբաթ, երբեմն՝ մի փոքր ավելի երկար։ Ինչ անել վիրուսային վարակների դեպքում Երբ երեխան վարակվում է, կարևորը նրա ինքնազգացողության թեթևացումն ու բարդությունների կանխարգելումն է։ • Առաջարկեք հնարավորինս շատ հեղուկներ (ջուր)։ • Մաքրեք քթի լորձաթաղանթը ֆիզիոլոգիական լուծույթով (NaCl 0.9%) կամ ծովային աղ պարունակող սփրեյերով։ • Ջերմության բարձրացման դեպքում կարելի է տալ Ացետամինոֆեն (Պարացետամոլ) կամ Իբուպրոֆեն (Նուրոֆեն)՝ ըստ տարիքին և քաշին համապատասխան՝ մանկաբույժի ցուցմամբ։ • Ապահովեք սենյակի մշտական օդափոխում և խոնավություն։ • Հազի դեպքում մեղրը կարող է օգտակար լինել 1 տարեկանից բարձր երեխաների համար (փոքրերի մոտ՝ բոտուլիզմի վտանգի պատճառով, չի թույլատրվում)։ Կարևոր փաստեր դեղորայքի վերաբերյալ Իբուպրոֆենը չի օգտագործվում ջրազրկված կամ շարունակաբար փսխող երեխայի մոտ։ Ասպիրինը արգելվում է մինչև 12 տարեկանը։ Հակավիրուսային մոմիկները (վիֆերոն, գենֆերոն) ապացուցված արդյունավետություն չունեն և հաճախ շփոթվում են ջերմիջեցնողների հետ, ինչը վտանգավոր է բարձր ջերմության ժամանակ։ Միակ ապացուցված հակավիրուսային դեղամիջոցը Օզելտամիվիրն է (Տամիֆլյու)՝ կիրառվում է հաստատված գրիպի դեպքում, հիվանդության առաջին օրերից և միայն մանկաբույժի նշանակմամբ։ Երբ է պետք անհապաղ դիմել բժշկի Եթե նկատում եք, որ երեխայի մոտ առկա է․ • Հաճախացած կամ դժվարացած շնչառություն • Ցիանոտիկ (կապտավուն) շուրթեր • Միջկողային տարածությունների ներքաշումներ • Ցավ կրծքավանդակում • Ուժեղ մկանացավ՝ քայլելուց հրաժարում • Ջրազրկում (երբ չի միզում 8 ժամ և ավել, ունի բերանի չորություն կամ լացում է անարցունք) • Թուլություն կամ արձագանքի բացակայություն • Ցնցումներ • Ջերմության կայուն բարձրացում (40°C և ավել) • Երեխան 3 ամսականից փոքր է • Ախտանշանները վատթարանում են կամ կրկնվում օրեր անց • Կա խրոնիկ հիվանդություն (օր.՝ շաքարային դիաբետ, ասթմա) Շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով, կարևոր է սովորեցնել երեխաներին հաճախակի լվանալ ձեռքերը (մասնավորապես՝ դրսից տուն վերադառնալիս), սնվել առողջ և բազմազան (միրգ-բանջարեղենի գերակշռմամբ, կալորիական), սահմանափակել շփումը հիվանդ անձանց հետ և ինչպես նաև ժամանակին ստանալ ազգային օրացույցով սահմանված բոլոր պատվաստումները (ներառյալ գրիպի վիրուսի դեմ սեզոնային պատվաստումը)։ Այսպիսով՝ հետևեք և սովորեցրեք Ձեր երեխաներին պահպանել հիգիենայի կանոնները, սնվել առողջ և բազմազան, ունենալ բավարար ֆիզիկական ակտիվություն և առողջ քուն:
Ի՞նչ անել, եթե երեխան հազում է
17 Հոկտեմբեր 2025
Հազը օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքս է, որը կարևոր դեր ունի շնչառական համակարգի բնածին իմունիտետի գործունեության մեջ։ Այն օգնում է ազատվել շնչուղիներում կուտակված լորձից, միկրոօրգանիզմներից և այլ գրգռիչներից։ Հազի մեխանիզմը ներառում է երեք փուլ՝ ներշնչում, սեղմում և արտաշնչում։ Հազի արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից՝ • շնչուղիների բավարար տրամաչափից (նեղացումը նվազեցնում է հազի արդյունավետությունը), • լորձի հատկություններից, • շնչառական մկանների ուժից։ Շատ կարևոր է չճնշել հազային ռեֆլեքսը, եթե չի հայտնաբերվել և բուժվել դրա հիմնական պատճառը։ Հազը հանդիպում է բոլոր երեխաների մոտ, այդ թվում՝ անհաս նորածինների մոտ (մոտ 27 շաբաթական գեստացիոն տարիքի 10%-ի, և հասուն նորածինների 90%-ի մոտ)։ Այն շնչառական համակարգի հիվանդությունների հիմնական կլինիկական նշաններից է, սակայն կարող է լինել նաև ոչ շնչառական պատճառներով։ Տարբերում են հազի երեք հիմնական տեսակ՝ • Նորմալ (սպասվող)՝ վիրուսային վարակների ժամանակ • Սպեցիֆիկ՝ հանկարծակի շնչահեղձությամբ, կրկնվող թոքաբորբերի, նորածնային շրջանում, նյարդամկանային խանգարումների կամ կրծքավանդակի/դիմածնոտային անոմալիաների դեպքում • Ոչ սպեցիֆիկ՝ չոր հազ առանց հաստատված շնչառական հիվանդության (կարող է ինքնուրույն անցնել) Հազը դասակարգվում է նաև՝ 1․ Պատճառների հիման վրա, 2․ Տևողությամբ՝ սուր՝ մինչև 4 շաբաթ, քրոնիկ՝ 4 շաբաթից ավելի, 3․ Բնույթով՝ չոր և խորխոտ (թաց)։ Սուր հազ Երեխաների մոտ ամենահաճախ սուր հազը կապված է վերին շնչուղիների վիրուսային վարակների հետ։ Այն սովորաբար պահպանվում է վարակից հետո և հիմնականում չի պահանջում լրացուցիչ հետազոտություններ։ Եթե հազը համառ է, ունի երկար տևողություն (ավելի քան 4 շաբաթ) կամ ուղեկցվում է այլ ախտանշաններով, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Սուր հազ կարող է առաջանալ նաև օտար մարմնի ասպիրացիայի հետևանքով, հատկապես 3–5 տարեկան երեխաների մոտ, որոնք հաճախ տարբեր առարկաներ են դնում բերանը։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Սուր հազը կարող է վկայել ինչպես շնչառական, այնպես էլ ոչ շնչառական հիվանդությունների մասին։ Շնչառական պատճառներից են՝ • նազոֆարինգիտ, • սինուսիտ, • կեղծ կրուպ, • տրախեիտ, • բրոնխիտ, • թոքաբորբ, • ասթմա։ Ոչ շնչառական պատճառներից կարող են լինել՝ նյարդաբանական խանգարումներ, սրտի բնածին արատներ և այլ խնդիրներ։ Ամենահաճախ սուր հազը հանդիպում է մրսածության ժամանակ։ Այն կարող է ուղեկցվել փռշտոցով, ջերմությամբ, քթահոսությամբ, քթի փակվածությամբ, գլխացավով և կոկորդացավով։ Այս նշանները հիմնականում բնորոշ են ինքնալավացող վերին շնչուղիների վիրուսային վարակներին և չեն պահանջում հակաբակտերիալ դեղորայք։ Սակայն, եթե հազը ուղեկցվում է արագ շնչառությամբ, բարձր ջերմությամբ, թուլությամբ կամ երեխայի խմելուց հրաժարմամբ՝ անհրաժեշտ է բժշկական խորհրդատվություն՝ ախտորոշումը ճշգրտելու և բուժում սկսելու համար։ Քրոնիկ հազ Քրոնիկ հազը բնորոշվում է երկարատևությամբ (ավելի քան 4 շաբաթ) և կարող է ուղեկցվել սուլոցով, այրոցով, շնչառության դժվարացմամբ, քթի փակվածությամբ, ձայնի խռպոտությամբ։ Բժշկի դիմելը պարտադիր է, եթե՝ • հազը հաճախակի է և չի դադարում, • առկա է հաչոցանման կամ գիշերային հազ, • լսվում է սուլոց, • հազը կոպիտ է և ուղեկցվում է խորխի առատությամբ։ Քրոնիկ հազը կարող է հանդիպել ինչպես վաղ, այնպես էլ ավագ տարիքի երեխաների մոտ։ • Մինչև 5 տարեկանների դեպքում պատճառ են լինում վարակները, ասթման, օտար մարմնի ասպիրացիան, պասիվ ծխելը կամ զարգացման բնածին արատները։ • 5 տարեկանից բարձր երեխաների մոտ՝ ասթման, ձգձգվող բակտերիալ բրոնխիտը, ալերգիկ վիճակները, քթի կաթիլների երկարատև օգտագործումը և պասիվ ծխելը։ Ինչ անել Աշնանը, երբ ակտիվանում են վիրուսային վարակները, հատկապես կարևոր է ժամանակին նկատել հազի նշանները և ճիշտ արձագանքել։ Եթե ձեր երեխան հազում է, մի սպասեք, որ այն ինքնուրույն կանցնի․ դիմեք մանկաբույժի։ Մեր կլինիկայի փորձառու մասնագետները կհաստատեն պատճառը, կնշանակեն համապատասխան բուժում և անհրաժեշտության դեպքում կիրականացնեն ժամանակակից ախտորոշում։ Մեր կլինիկայում հասանելի են բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ մեթոդները՝ ապահով և արդյունավետ բուժման համար։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել