Թիրոգլոբուլինը (Tg) գլիկոպրոտեին է, որը մեծ քանակությամբ սինթեզվում է թիրեոցիտների (վահանաձև գեղձի բջիջներ) կողմից և արտազատվում ֆոլիկուլային լուսանցք։
Թիրեոգլոբուլինը վճռորոշ դեր է խաղում վահանաձև գեղձի հորմոնների՝ տրիյոդթիրոնինի (T3) և թիրոքսինի (T4) սինթեզում: Այն պարունակում է մոտավորապես 132 թիրոզինային մնացորդ, որոնց մոտ մեկ երրորդը կարող է յոդացվել մոնոյոդ- և դիյոդթիրոզինի (MIT և DIT)՝ թիրեոպերօքսիդազի և յոդի մասնակցությամբ: MIT-ի և DIT-ի հետագա միացումը՝ T3 և T4 առաջացնելու համար, նույնպես տեղի է ունենում թիրեոգլոբուլինի մատրիքսի վրա՝ թիրեոպերօքսիդազի մասնակցությամբ:
Թիրեոգլոբուլինից T3-ի և T4-ի սինթեզը կարգավորվում է թիրետրոպ հորմոնի միջոցով (TSH), վահանաձև գեղձի ներսում յոդի մակարդակով և վահանաձև գեղձը խթանող իմունոգլոբուլինների առկայությամբ։
Թիրեոցիտների կողմից թիրեոգլոբուլինի սինթեզի և ֆոլիկուլներ տեղափոխման ընթացքում ` սպիտակուցի փոքր քանակությունները կարող են անցնել արյան մեջ։ Հետևաբար, արյան մեջ կարելի է հայտնաբերել թիրեոգլոբուլինի ցածր կոնցենտրացիաներ։
Թիրեոգլոբուլինի մակարդակը արյան մեջ կարող է բարձր լինել վահանաձև գեղձի հետ կապված մի շարք հիվանդությունների դեպքում:
Թիրեոգլոբուլինի բարձր մակարդակի հիմնական պատճառներն են՝
1. Վահանաձև գեղձի քաղցկեղը, մասնավորապես՝ դիֆերենցված վահանաձև գեղձի քաղցկեղները (պապիլյար և ֆոլիկուլյար տեսակներ), որտեղ թիրեոգլոբուլինը օգտագործվում է որպես ուռուցքային մարկեր՝ մնացորդային, կրկնվող կամ մետաստատիկ հիվանդությունը հայտնաբերելու համար:
2. Վահանաձև գեղձի բարորակ պրոլիֆերատիվ հիվանդություններ, ինչպիսիք են վահանաձև գեղձի հանգույցները, ադենոմաները և խպիպը, որոնք մեծացնում են վահանաձև գեղձի հյուսվածքի զանգվածը և թիրեոգլոբուլինի արտադրությունը:
3. Վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունները, ինչպիսիք են Հաշիմոտոյի թիրեոիդիտը և Գրեյվսի հիվանդությունը, որոնք կապված են վահանաձև գեղձի հյուսվածքի քայքայման կամ բորբոքման հետ:
4. Թիրեոիդիտը (վահանաձև գեղձի բորբոքում), վահանաձև գեղձի ֆիզիկական տրավմանները:
5. Հիպերթիրեոզ՝ վահանաձև գեղձի ակտիվության բարձրացման պատճառով:
6. Վահանաձև գեղձի վիրահատությունից կամ վահանաձև գեղձի հյուսվածքի վնասվածքից հետո թիրեոգլոբուլինի մակարդակը կարող է ժամանակավորապես բարձր լինել:
7. Յոդի անբավարարությունը կամ ավելցուկը նույնպես կարող են ազդել թիրեոգլոբուլինի մակարդակի վրա:
Հակաթիրեոգլոբուլինային հակամարմինների (TgAb) առկայությունը կարող է ազդել թիրեոգլոբուլինի չափման վրա, ինչը կարող է բերել կեղծ բարձր կամ կեղծ ցածր թիրեոգլոբուլինի արժեքների: Հետևաբար, խորհուրդ է տրվում միաժամանակ կատարել հակաթիրեոգլոբուլինային հակամարմինների որոշում ՝ այս խանգարումը բացառելու համար: