Արգանդի էնդոմետրիումի պոլիպը՝ արգանդի խոռոչի լորձաթաղանթի բարորակ աճն է։ Հաճախությունը մեծանում է վերարտադրողական տարիքում և պրեմենոպաուզալ շրջանում։
Արգանդի պոլիպների զարգացմանը նպաստող հիմնական գործոններն են
1. Հորմոնալ անհավասարակշռությունը
Էստրոգենի մակարդակի բարձրացումը և պրոգեստերոնի ցածր մակարդակը հանգեցնում են արգանդի լորձաթաղանթի հիպերպլազիայի (չափազանց մեծացման), որը նպաստում է պոլիպների առաջացմանը։
2. Բորբոքային և վարակիչ պրոցեսներ
Քրոնիկ բորբոքումները, ինչպիսիք են էնդոմետիտը, և վարակները, այդ թվում՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, կարող են խաթարել էնդոմետրիումի բջջային պրոցեսները և նպաստել դրա ոչ տիպիկ աճին։
3. Մեխանիկական վնասվածք
Արգանդի լորձաթաղանթի վնասվածքը, վիժումները, ախտորոշիչ կյուրետաժը կարող են պոլիպների պատճառ դառնալ։
4. Էնդոկրին հիվանդություններ
2-րդ տիպի շաքարախտով, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով և վահանաձև գեղձի դիսֆունկցիայով տառապող կանայք ունեն պոլիպների զարգացման ավելի մեծ ռիսկ։
5. Ավելորդ քաշ և նստակյաց ապրելակերպ
Ճարպակալումը և ցածր ֆիզիկական ակտիվությունը կարող են ազդել հորմոնալ հավասարակշռության վրա, ինչը, իր հերթին, մեծացնում է պոլիպների առաջացման ռիսկը։
6. Գենետիկ նախատրամադրվածություն
Գինեկոլոգիական հիվանդությունների և վերարտադրողական համակարգի ուռուցքների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածությունը նույնպես կարող է լինել ռիսկի գործոն։
7. Վաղ դաշտան (վաղ մենարխե) կամ ուշ դաշտանադադար
12 տարեկանից վաղ դաշտանային ցիկլը կամ ավելի ուշ դաշտանադադարը կապված են էստրոգենի մակարդակի բարձրացման հետ, ինչը մեծացնում է ռիսկը։
Ախտանշաններ
Շատ դեպքերում պոլիպների առկայությամբ բուժառուն կարող է չունենալ որևէ գանգատ։ Սակայն երբեմն նկատվում է՝
• Անկանոն կամ միջդաշտանային արյունահոսություններ
• Առատ դաշտան
• Ցավեր ստորորովայնային շրջանում
• Անպտղություն
Ախտորոշում
Պոլիպը հնարավոր է հայտնաբերել՝
• Ուլտրաձայնային հետազոտությամբ (սոնոգրաֆիա)
• Հիստերոսոնոգրաֆիայով
• Հիստերոսկոպիայով (որն էլ համարվում է «ոսկե ստանդարտ»)
Բուժում
Պոլիպի հեռացումը հիմնականում կատարվում է
հիստերոսկոպիայի միջոցով
, ապահովելով և՛ ախտորոշիչ, և՛ բուժական նպատակ։ Հեռացված նյութը պարտադիր ուղարկվում է հիստոպաթոլոգիական հետազոտության
՝ չարորակ բջիջները բացառելու համար։
Կանխարգելում և հսկողություն
• Պարբերական գինեկոլոգիական զննում
• Վաղ ախտորոշման համար սոնոգրաֆիա
• Հորմոնալ հավասարակշռության կարգավորում