Լազերային մազահեռացումը մարմնի անցանկալի մազերը նվազեցնելու տարածված մեթոդ է: Չնայած այն միանգամից մշտական լուծում չի տալիս, արդյունքները զգալիորեն ավելի երկար է տևում, քան սափրվելը կամ մոմով մազահեռացումը: Առավելագույն արդյունքի հասնելու համար մարդկանց մեծ մասին անհրաժեշտ է մի քանի սեանս:
Ի՞նչ է Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը:
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը ոչ ինվազիվ միջամտություն է, որը նախատեսված է մարմնի տարբեր հատվածներից անցանկալի մազերը հեռացնելու համար:
Այն սովորաբար կատարվում է հետևյալ գոտիներում՝
•Դեմքի
•Թևատակերի
•Բիկինի հատվածի
•Մեջքի
•Ոտքերի
Ինչպե՞ս է աշխատում լազերով մազահեռացումը։
Այս մեթոդն աշխատում է «ընտրովի ֆոտոթերմոլիզ» կոչվող պրոցեսի միջոցով: Լազերը արձակում է ջերմություն, որը թիրախավորում և ոչնչացնում է պիգմենտային բջիջները: Քանի որ մուգ մազերը պարունակում են ավելի շատ պիգմենտ, դրանք կլանում են ամենաշատ ջերմությունը: Այս ջերմությունը հասնում է մազի ֆոլիկուլներին և վնասում դրանք, ինչը կանխում է մազերի ապագա աճը:
Որպեսզի միջամտությունը արդյունավետ լինի, մազի ֆոլիկուլները պետք է լինեն անագենի (աճի) փուլում: Քանի որ բոլոր մազերը միաժամանակ նույն փուլում չեն լինում, անհրաժեշտ է մի քանի սեանս՝ ամբողջական արդյունքի հասնելու համար։
Ովքե՞ր կարող են անցնել լազերով մազահեռացման պրոցեդուրա։
Ցանկացած մարդ, ով ունի ավելորդ կամ անցանկալի մազածածկույթ, կարող է օգտվել լազերով մազահեռացմանից։ Այն հիմնականում կոսմետիկ միջամտություն է, որը նպաստում է արտաքին տեսքի բարելավմանը և ինքնավստահության բարձրացմանը։
Ինչպե՞ս պատրաստվել լազերով մազահեռացմանը։
Մինչ պրոցեդուրան՝ մի քանի շաբաթ առաջ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և արևայրուքից (բնական թե արհեստական)։ Արևայրուքը կարող է նվազեցնել լազերի արդյունավետությունը և առաջացնել կողմնակի բարդություններ։
Սեանսից 2–3 օր առաջ հարկավոր է սափրել մազահեռացման ենթակա հատվածը։ Մազերը չպետք է լինեն բրնձի հատիկից երկար։ Սեանսների ընթացքում պետք է խուսափել մոմով մազահեռացումից, պոկելուց կամ քաշելուց։
Ի՞նչ է կատարվում լազերային մազահեռացումից հետո։
Պրոցեդուրայից հետո ձեր մաշկը կարող է թեթևակի ցավոտ լինել, կարմրել կամ այտուցվել: Սառը կոմպրեսը կարող է օգնել հանգստացնել հատվածը: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ճառագայթներից (բնական կամ արհեստական) բուժված հատվածում։ Շատերը կարող են անմիջապես վերադառնալ իրենց առօրյա գործունեությանը։
Որքա՞ն ժամանակ են տևում լազերային մազահեռացման արդյունքները։
Առաջին սեանսից հետո շատերը նկատում են մազերի աճի 10%-ից 25% նվազում։ Բոլոր անհրաժեշտ սեանսներն ավարտելուց հետո մազերի աճը կարող է դադարել մի քանի ամսով կամ նույնիսկ մի քանի տարով։