Ասպիրինը (ազդող նյութը՝ ացետիլսալիցիլաթթու) դեղամիջոց է, որն օգտագործվում է ցավը, ջերմությունը և բորբոքումը նվազեցնելու համար։ Սակայն այն շատ կարևոր դեր ունի նաև սրտի հիվանդությունների կանխարգելման մեջ (Կարդիոմագնիլ, Ասպիրին կարդիո)։
Ինչու է Ասպիրինը կարևոր սրտի հիվանդների համար
Ասպիրինը ունի արյունը «հեղուկ պահող» (թանձրացումն արգելակող, ջրիկացնող) հատկություն։ Շատ սրտային հիվանդություններ սկսվում են նրանից, որ արյունը դառնում է թանձր և կարող է ձևավորել մակարդուկներ (թրոմբեր), որոնք խանգարում են արյան բնական հոսքին։ Այդ թրոմբերը կարող են փակել սրտի կամ ուղեղի անոթները՝ առաջացնելով սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ։
Ասպիրինը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը՝ կանխելով թրոմբերի ձևավորումը այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկ։
Ովքե՞ր պետք է օգտագործեն Ասպիրին (բժշկի ցուցումով)
• Ովքեր արդեն ունեցել են սրտամկանի ինֆարկտ կամ գլխուղեղի ինսուլտ
• Ովքեր ունեն սրտի իշեմիկ հիվանդություն (սրտի անոթների նեղացում)
• Ովքեր կրել են կորոնար զարկերակների (սիրտը սնող անոթների) ստենտավորում
• Բարձր ռիսկով անձինք՝ շաքարային դիաբետով, ավել քաշով կամ ծխողներ
Ասպիրինը պետք է ընդունել միայն բժշկի ցուցումով, քանի որ այն կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ։ Օրինակ՝ բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց մոտ այն կարող է մեծացնել ներուղեղային արյունազեղման (հեմոռագիկ ինսուլտի) առաջացման ռիսկը։
Հնարավոր կողմնակի ազդեցություններ
Ասպիրինը կարող է առաջացնել նաև հետևյալ խնդիրները.
• Ստամոքսի ցավ
• Արյունահոսություն (օրինակ՝ լնդերից կամ աղիքներից)
• Ալերգիկ ռեակցիա
Տեղեկացրեք բժշկին, եթե
.
• Ընդունում եք այլ դեղեր
• Ունեք արյունահոսություն կամ ստամոքսի խոց, գաստրիտ
• Պատրաստվում եք վիրահատության
Որքա՞ն և ո՞նց է ընդունվում դեղորայքը
Սիրտանոթային հիվանդությունների առաջնային և երկրորդային կանխարգելման նպատակով ասպիրինը օգտագործվում է ցածր դեղաչափով՝ 75–150 մգ օրական (բժշկի ցուցումով)։ Այն ընդունվում է ամեն օր (Կարդիոմագնիլը՝ ուտելուց հետո, Ասպիրին կարդիոն՝ ուտելուց առաջ)։ Մի դադարեցրեք ասպիրինը առանց բժշկի հետ խորհրդակցելու, նույնիսկ եթե լավ եք զգում։
Հիշեցում բուժառուին
• Ասպիրինը բուժում չի անում, այն կանխում է վտանգավոր վիճակների առաջացումը։
• Այն պետք է ընդունել ամեն օր, ճիշտ ժամին։
• Պահեք այն երեխաներից հեռու։
• Խոսեք բժշկի հետ, եթե այլ դեղեր էլ եք ընդունում։
Ասպիրին օգտագործելու ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել զարկերակային ճնշումը՝ բարդություններից, հատկապես արյունահոսության կամ ինսուլտի ռիսկից խուսափելու համար։ Հիշեք՝ դեղամիջոցը կարող է օգնել, սակայն սրտի իրական պաշտպանությունը սկսվում է առողջ ապրելակերպից։