Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատը (DHEA-S ) ստերոիդային հորմոն է, որը սինթեզվում է մակերիկամների ցանցային գոտում՝ ադրենոկորտիկոտրոպ հորմոնի (ԱԿՏՀ) ազդեցության տակ։ Ինչպես մյուս ստերոիդները, DHEA-S-ը սինթեզվում է խոլեստերինից։ DHEA-S-ը համարվում է պրոհորմոն: Այն հորմոնալ առումով իներտ է, բայց կարող է փոխակերպվել այլ, ավելի հզոր անդրոգենների և էստրոգենների։ Այն մակերիկամների ֆունկցիայի կարևոր մարկեր է և օգտակար է տարբեր էնդոկրին խանգարումների ախտորոշման համար, ինչպես նաև երեխաների մոտ վաղաժամ ադրենարխեի գնահատման համար։
Պտղի զարգացման ընթացքում DHEA-S-ը արտադրվում է մակերիկամներում, նրա մակարդակը արագորեն նվազում է կյանքի առաջին տարվա ընթացքում, որից հետո նորից ավելանում է ադրենարխեի (շուրջ 6-8 տարեկան) ժամանակ, աստիխճանաբար աճելով սեռական հասունացման ընթացքում, հասնում է իր գագաթնակետին 20-30 տարեկան հասակում: Այնուհետև DHEA-S-ի մակարդակը կայուն նվազում է:
Արական սեռի մոտ մակերիկամները կազմում են անդրոգենների ընդհանուր արտադրության միայն փոքր մասը, մինչդեռ վերարտադրողական տարիքի կանանց մոտ մակերիկամների դերը անդրոգենների արտադրության մեջ ավելի արտահայտված է:
Կանանց մոտ DHEA-S մակարդակի բարձրացումը կարող է առաջացնել հիպերանդրոգենիզմի նշաններ (հիրսուտիզմ, ակնե, վիրիլիզացիա): Տղամարդիկ սովորաբար ասիմպտոմատիկ են, սակայն ծայրամասային հյուսվածքներում անդրոգեններից էստրոգենների առաջացման հետևանքով երբեմն կարող է նկատվել էստրոգենների թեթև ավելցուկ:
DHEAS-ի բարձր մակարդակի հաճախակի պատճառներն են՝
1. Անդրոգեն արտազատող մակերիկամների ուռուցքներ (ադենոմաներ կամ քաղցկեղներ), հատկապես, երբ DHEAS-ը զգալիորեն բարձրացված է ( նորմայից ավելի քան 5 անգամ բարձր)
2. Բնածին մակերիկամների հիպերպլազիա
3. Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS), հաճախ թեթևից մինչև միջին մակարդակի բարձրացումով
DHEAS-ի ցածր մակարդակի հաճախակի պատճառներն են՝
1. Մակերիկամների անբավարարություն, ինչպիսիք են Ադիսոնի հիվանդությունը կամ հիպոպիտուիտարիզմի պատճառով երկրորդային մակերիկամային անբավարարությունը
2. Սուբկլինիկական կամ արտահայտված հիպերկորտիզոլիզմ
3. Ծանր համակարգային հիվանդություններ, սուր սթրես, քրոնիկ վիճակներ, ինչպիսին է անորեքսիան
DHEAS-ը ազդում է իմունային մոդուլյացիայի, բորբոքման և նեյրոնային պաշտպանության վրա. ցածր մակարդակները կապված են ճանաչողական անկման և տրամադրության խանգարումների հետ։